ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽ-ի` Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևը

ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի` մայիսի 20-ին ընդունած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

ԱԳՆ-ի գնահատմամբ` այս բանաձևի ընդունումն ու դրանում առկա արձանագրումները խիստ կարևոր են:

«Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն»,– նշում է ԱԳՆ-ն։

Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք` Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում:

«Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»,– ասված է ԱԳՆ-ի պարզաբանման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։