Լիտվայի նախագահը կարծում է՞ որ Վիլնյուս թռնող ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել

Nexta Telegram ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչը դեռ Աթենքից մեկնելուց առաջ նկատել էր, որ իրեն հետևում են, գրում է «Լենտա»-ն:

Ինչպես պատմել է ինքը` Պրոտասևիչը, Աթենքի օդանավակայանում թռիչքից առաջ բաց գույնի տաբատով, վերնաշապիկով և կաշվե պայուսակով միջին տարիքի մի տղամարդ սկսել էր «անառողջ ուշադրություն» ցուցաբերել իր նկատմամբ:

Լրագրողի խոսքով` իրեն հետևողը ռուսերեն էր խոսում, նա ձգված էր և ճաղատ գլխով: Պրոտասևիչը նշել է, որ սկզբում անհայտ անձը փորձել է նկարահանել իր փաստաթղթերը, իսկ հետո հեռացել է` չնայած հաջորդն էր փաստաթղթերի ստուգման հերթի մեջ:

Մայիսի 23-ին Վիլնյուս ուղևորվող Ryanair-ի ինքնաթիռն ականի մասին հաղորդումից հետո արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում: Օդանավում գտնվող Պրոտասևիչը ձերբակալվել էր: Բելառուսում նրան մահապատիժ է սպառնում:

Բելառուսում 2020 թվականի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերը լուսաբանող Nexta նախագիծն օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն էր ճանաչվել և արգելվել էր, իսկ դրա ստեղծողները` Ստեպան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկվել էին ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում:

Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի պետական պաշտոնյաների և անվտանգության աշխատակիցների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել է, որ ինքնաթիռը, որում գտնվում էր Պրոտասևիչը, հարկադրված վայրէջք է կատարել Մինսկում: Ըստ ՏԱՍՍ-ի` Նաուսեդայի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Բելառուսական ռեժիմի ենթակայության տակ գտնվող ծառայությունները Վիլնյուս թռնող ուղևորատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել Մինսկում»:

Այս կապակցությամբ Նախագահը դիմել է միջազգային կառույցներին.

«Ես դիմում եմ ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշնակիցներին` կոչ անելով անհապաղ արձագանքել բելառուսական ռեժիմի կողմից սպառնալիքին միջազգային քաղաքացիական ավիացիային»:

Նաուսեդան պահանջել է նաև ազատ արձակել Պրոտասևիչին, ով ձերբակալվել էր Մինսկում ինքնաթիռի վայրէջքից հետո: «Ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ձերբակալված անձին, որպեսզի նա կարողանա շարունակել իր ուղևորությունը Վիլնյուս»,- ասել է Լիտվայի նախագահը, տեղեկացնում է News.am: