Այվազյանը ԼՂ հարցն ու սյունիքյան իրադրությունը քննարկել է ՄԽ երկրների դեսպանների հետ
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին` Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ժոնաթան Լաքոտին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ անդրադարձել է կատարվել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին։
«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: Այվազյանը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այվազյանն անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: