Քննարկվել է ստեղծված իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։

«Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր»,–ասված է հաղորդագրության մեջ։

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները, տեղեկացնում է Sputnik Armenia։