Մարության․ 3000 վերելակ դեռ սպասում է իր փոխարինմանը

Երևանում կար փոխարինման ենթակա մոտավորապես 3500 վերելակ: Այդ վերելակները բոլորն էլ 40 տարեկանից բարձր են ու վտանգ են ներկայացնում բնակչության կյանքի համար: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հայտնեց, որ այս 2.5 տարվա մեջ փոխել է 520 վերելակ, շուտով կփոխարինվի ևս 54-ը: «Բազմիցս ասել ենք, բայց ուզում եմ հիշեցնել, որ 28 տարվա մեջ փոխարինվել է 35 վերելակ, 2.5 տարվա մեջ՝ 520: Մենք ծախսել ենք մոտ 5.2 միլիարդ դրամ վերելակները փոխարինելու համար: 3000 վերելակ դեռ սպասում է իր փոխարինմանը: Փոխարինման ենթակա շենքերում ապրող մարդկանց դիմումները մերժում են ստացել, որովհետև իրենց հերթը դեռ չի հասել: Էսպիսի հարյուրավոր օրինակներ կան, թե ինչու չեն բավարարվում մարդկանց դիմում-խնդրանքները, կամ թե ինչու չեն կատարվում բոլորի ցանկությունները միանգամից: Մենք ունենք բյուջե, որի մեջ պիտի տեղավորվենք, հերթով»,- ասաց քաղաքապետը:

Նա նաև շեշտեց՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է արվում, երբ համայնքն իր միջոցներով է փորձում քաղաքի խնդիրները լուծել: