Նաիրա Զոհրաբյան․ Հիմա Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչում

Տեղեկություն կա, որ հիմա Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչում, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am։

Նա հիշեցրեց, որ թշնամին արդեն մի քանի շաբաթ թափանցել է Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք։

Պատգամավորը նշեց, որ այս ֆոնին մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ասել էր. փոխարենը սահմանային միջադեպեր չկան, չկան զոհեր և գերիներ։ «Ինչպես տեսնում ենք, արդեն կան թե՛ մեկը, թե՛ երկրորդը, թե՛ երրորդը»,- փաստեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հիմա ընթանում է ստորագրահավաք խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար, և նախաձեռնությանը միացել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության, ինչպես նաև անկախ պատգամավորները։

«Չեմ ուզում, որ այդ նիստին գա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա խոսելու է ամեն ինչի, բայց ոչ խնդրի մասին։ Ուզում եմ պարզաբանումներ ստանալ երկրի զինվորական ղեկավարությունից»,- եզրափակել է նա։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, վեց հայ զինծառայող ինժեներային աշխատանքներ էին կատարում Հայաստանի տարածքում։ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները հարձակվել են հայ պայմանագրային զինծառայողների վրա և գերեվարել նրանց։ Ադրբեջանի ՊՆ հավաստիացումները, թե հայ զինծառայողները գտնվել են ադրբեջանական տարածքում, իրականությանը չեն համապատասխանում։