Հայաստանի ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օպերատիվ շտաբի գործունեությունը ղեկավարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվ շտաբի անդամներն են ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության շտաբի և գլխավոր վարչությունների պետերը, ԱՎՎ ու ՃՈ պետերը։

«Օպերատիվ շտաբի գործունեության ուղղություններն են իրավական ապահովումը, ընտրացուցակների ճշգրտումը, տեղեկատվության հավաքումը, ամփոփումն ու հետաքննությունը, վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողությունը, նյութատեխնիկական և բժշկական ապահովումը, զանգվածային անկարգությունների հակազդումն ու արագ արձագանքումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Այս գործառույթները պատշաճ իրականացնելու համար օպերատիվ շտաբի կազմում ստեղծվել են աշխատանքային խմբեր։

Օպերատիվ շտաբի «թեժ գծերն» են 010 54 69 12, 010 54 69 14 հեռախոսահամարները։