Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել արգելափակել ադրբեջանական ԶՈՒ-ի ֆինանսավորումը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել արգելափակել ադրբեջանական ԶՈՒ-ի ֆինանսավորումը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով վեց հայ զինվորներ են գերեվարվել:
«Ադրբեջանցի զինվորականները, որոնք հենց նոր (կրկին) ներխուժել են Հայաստան և վեց հայ զինվորի գերեվարել, ֆինանսավորվում են ամերիկյան հարկերից: Միանգամից դադարեցրե՛ք դա»,- նշվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վեց հայ զինծառայողներ ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները հարձակվել ու գերեվարել են հայ պայմանագրային զինծառայողներին: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները, թե հայ զինծառայողները եղել են Ադրբեջանի տարածքում, չեն համապատասխանում իրականությանը:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում, տեղեկացնում է News.am-ը: