ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում լիցքաթափել իրավիճակը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների ձերբակալման մասին զեկույցը, և կոչ են անում ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին։ Նման հայտարարությամբ են այսօր հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):

Մայիսի 27-ին և 28-ին նրանք խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Ֆիլիպին Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այս հանդիպումների արդյունքում ընդունած հայտարարության մեջ համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական նորմերի կիրառման անհրաժեշտությունը կալանավորված անձանց նկատմամբ:

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարագրով ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները մտահոգություն են հայտնում Հայաստան-Ադրբեջան չգծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ՝ միաժամանակ շեշտելով, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի են:

 «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշում, իրավիճակը լիցքաթափելու և սահմանների՝ խաղաղ բանակցությունների միջոցով դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու համար»,- նշում են համանախագահները՝ պատրաստականություն հայտնելով աջակցել այդ գործընթացին։