ՄԻՊ․ Սոֆլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը դեռ 1929-ին հանձնվել են Դիլիջանի գավառին

Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

Թաթոյանը նշում է, որ այս տեղեկությունը կարող են ի գիտություն ընդունել որոշ պաշտոնյաներ ու գործիչներ։

«Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից»,–նշված է նրա գրառման մեջ։

Թաթոյանը հայտնում է նաև, որ դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: