ԱՆ․ Զոհվածների հարազատներին տրամադրվել են առկա ստույգ փաստեր

ՀՀ առողջապահության նախարարությունից արձագանքել են 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների դժգոհությանն ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքին:

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին: Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին:

Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:

Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով՝ նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անընդունելի է», - նշված է պարզաբանման մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը: