Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստը, որն արձանագրվել է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում, իր բացթողումն է եղել։ Ավանեսյանը Facebook-ի իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած դեպքին։
Արդեն հայտնել էինք, որ երեկ անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացի փողոցը։ Նրանց խոսքով` մի քանի հարյուր դիեր կան, որոնք թաքցրել են հասարակությունից` պահելով մրգերի սառնարաններում։ Բացի այդ, երեկ սոցցանցերում լուսանկար հրապարակվեց, որտեղ երևում էր, որ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում մասունքները պահվում են սենյակներից մեկի գետնին դրված պարկերի մեջ։
«Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,–գրել է նախարարի պաշտոնակատարը։
Ավանեսյանը նշում է, որ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
Նա հայտնել է, որ այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փորձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքներն արդեն իսկ անցել են փորձաքննություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։