ԱՊՀ առաքելության դիտորդները գործի են անցել Հայաստանում
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ԱՊՀ-ից շուրջ 70 դիտորդներ կհետևեն Հայաստանի ընտրություններին։
«ԱՊՀ առաքելության երկարաժամկետ դիտորդներն արդեն մանդատ են ստացել և հետևելու են ընտրությունների նախապատրաստմանը: Առաքելությունը կգլխավորի ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահ Նեմատով Իլհոմը, որը Հայաստան կժամանի հունիսի 16-ին», - ասաց նա։
Սա ԱՊՀ դիտորդների 11-րդ առաքելությունն է Հայաստանում։
«Դիտորդները ընտրության օրը մոնիտորինգ կիրականացնեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Օրվա ավարտին տեղի կունենա ասուլիս, և կհրապարակվեն առաքելության եզրակացությունները: Շատ մեծ աշխատանք է կատարվել սեղմ ժամկետներում։ Հասկանում ենք, որ 26 քաղաքական ուժերի մասնակցությունը մեծ բեռ է ընտրություններ անցկացնող մարմինների համար։ Մենք նորեկներ չենք, ծանոթ ենք ՀՀ օրենսդրությանը և քվեարկության կարգին», - ասաց Կոզյակը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։