Բաքվում ավարտվել է հայ զինծառայողների նկատմամբ հարուցված գործի նախաքննությունը
Ադրբեջանում ավարտվել է հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի դատախազությունը։
Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողներին մեղադրում են ահաբեկչության և այլ հանցավոր գործողությունների մեջ։
Նշվում է, որ հայկական զինված կազմավորումները Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իբր ապօրինի մուտք են գործել Հադրութ և, դիրքեր գրավելով անտառապատ տարածքում, ահաբեկչական, դիվերսիոն և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ։
Այդ կապակցությամբ Հրաչ Ավագյանին, Գեղամ Սերոբյանին և ևս 12 հայ զինծառայողի ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել` հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։