Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը
Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհված զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքը։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։
«Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության»,–ասված է հայտարարության մեջ։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից նշում են, որ այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։