Ոստիկանները բերման ենթարկեցին Ավանեսյանի հրաժարականը պահանջողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առողջապահության նախարարության առջև բավական լարված մթնոլորտ է` ոստիկանները փորձում են բերման ենթարկել երիտասարդներից մի քանիսին։

 

Հայտնել էինք, որ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպմամբ մի խումբ երիտասարդներ են հավաքվել այնտեղ` պահանջելով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։ Իսկ պատճառը զոհված զինծառայողների դիերի և մասունքների` պարկերում պահելու մեծ աղմուկ բարձրացրած դեպքն է։

Երիտասարդները տոպրակներ նետեցին նախարարության առջև` ասելով, որ այդ տոպրակներին ոչ թե կռված տղաներն են արժանի, այլ նախարարի պաշտոնակատարը։ Դրանից հետո ոստիկանության ծառայողները փորձեցին բերման ենթարկել տղաներից մի քանիսին։

«Բացատրեք` ինչի համար եք ուզում բաժին տանել, մենք մեր ոտքով կգանք»,–ասում էին երիտասարդները, սակայն ոստիկանները ոչինչ չէին ասում։ Ի պատասխան տղաները նշում էին, որ Ավանեսյանին պետք է բաժին տանեին տոպրակների համար։

Ոստիկաններն այժմ մի քանիսին հարկադրաբար նստեցրին մեքենաներ։ Բողոքի ակցիան շարունակվում է։

Մի ցուցարար հայտարարեց, որ բերման են ենթարկել 4 երիտասարդների, որոնք պատերազմի օրերին կյանքի ու մահվան կռիվ են տվել, որոշները՝ նաև վիրավորվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Նշենք, որ բողոքի ակցիան ավարտվեց։