ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԵՐ. ՎԵՐԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՆԱՎԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Վերին և Ներքին Նավերի բրոնզի, վաղ երկաթի դարդամբարանադաշտերում իրականացված պեղումների արդյունքում բացառիկ հայտնագործություններ են արվել: Բացահայտվել են Ք. ա. 23-րդ դարի զոհաբերությունների մասին վկայող փաստեր, արքայական դամբարաններ, թանկարժեք իրեր և այլ գտածոներ, որոնք ևս մեկ անգամ խոսում են մեր հնագույն պատմության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հնագետ, պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանն ասաց, որ Վերին Նավեր և Ներքին Նավեր դամբարաններն ընդգրկված են ՀՀ կառավարության հնագիտության զարգացման գերակա ծրագրում, որովհետև երկուսն էլ կարևորագույն ու բացառիկ տեղեկություններ են պարունակում մեր հնագույն անցյալի վերաբերյալ:

Սիմոնյանի խոսքով՝ Վերին և Ներքին Նավեր դամբարանադաշտերում հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ, թաղման ծեսի այնպիսի զարմանալի փաստեր, որոնք կարող են հեղաշրջել մշակույթի մասին մեր պատկերացումներն ու նոր լույս սփռել հայ ժողովրդի ծագման վրա:

«Հայտնաբերել ենք Ք. ա. 23-րդ դարի ձիերի զոհաբերություններ՝ կատարված հին վեդայական ծեսով: Ձին եղել է պատմության շարժիչը, ինդիկատորը, որը ցույց է տալիս հնդեվրոպական մշակույթի լինելը: Պատահական չէ, որ շատ երկրներ այդ հարցին պետական մակարդակով են ուշադրություն դարձնում, և շատերը կերազեին, որ նման փաստեր իրենց մոտ արձանագրվեին»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ բացահայտել են նաև նախազրադաշտական ծեսեր՝ դիակիզում, մահացած մարմինների մաքրագործում, որից հետո միայն մասունքները կարող էին հանձնել սրբազան հողին:

Նա պատմեց, որ հին հավատալիքներով, եթե դին հպվեր հողին, կառաջացներ աստվածների զայրութը. երաշտ և այլ փորձանք կլիներ: Ուստի հնդեվրոպացիները մաքրագործման երկու միջոց էին կիրառում: Մեկը դիակիզումն է, ինչի մասին հին հունական, հռոմեական և մի շարք այլ աղբյուրներ են վկայում, իսկ մյուսը զրադաշտական ծեսն է, երբ դիերը դրվում էին բարձր աշտարակների վրա, որ դրանք հոշոտեին գիշատիչ գազաններն ու թռչունները, միայն հետո ոսկորները կարելի էր հանձնել սուրբ հողին:

«Այդ երկու երևույթն էլ տեսնում ենք Նավերի պեղումների ժամանակ: Պեղումները ցույց են տալիս, որ եղել են դեպքեր, երբ փորել են այնքան, մինչև հասել են տուֆի շերտին և դիակները քարի վրա են դրել՝ հողից զերծ պահելու համար, իսկ եթե տուֆի շերտը շատ խորն է եղել, ավազ են փռել, ծածկել են խսիրով: Խսիրի այրված բեկորներն անգամ հասել են մեզ»,- շեշտեց հնագետը:

Սիմոնյանը հայտնեց՝ հայտնաբերվել են նաև շքեղ իրեր, որոնք վկայում են բարձրագույն տեխնոլոգիաների տիրապետման, ապակեգործության մասին:

Կարեվոր հայտնագործություններից է նաեվ արքայական դամբարանների առկայությունը: «Վերին Նավերի արքայական դամբարաններից մեկը, որը միջնադարում մի քանի անգամ թալանվել է, լցված է եղել ընծաներով, որոնցից հատկապես նշանակալի է ամբողջական մարտակառքը, որից միայն բրոնզե դետալներն են պահպանվել՝ սանձափոկերի ուղղորդիչներ, ձիերի երախճաններ, արծվի բրոնզե արձան, որն ամրացված է եղել մարտակառքի քաշանի ծայրին: Հայտնաբերվել է նաև մեկ այլ զարմանալի գտածո՝ մանգաղաձև երկաթե սուր: Ամբողջ աշխարհում վաղ երկաթն սկսում է տարածվել Ք. ա 12-րդ դարում: Իսկ Նավերում, որը թվագրվում է Ք. ա 17-15-րդ դարերով, հայտնաբերվել են երկաթե սուր, ավելի վաղ թվագրվող ձիու երախճան և այլ երկաթե իրեր, որոնք ավելի հին են, քան աշխարհում երկաթի լայն կիրառումը»,- շեշտեց մասնագետը:

Հակոբ Սիմոնյանը պատմեց, որ եգիպտական փարավոնը խեթական արքայից երկաթե սրեր է խնդրել, և արքան մերժել է: Փարավոնն ասել է, որ իր լրտեսները տեղեկացրել են՝ նման սրեր կան արքայի կայսրության արևելյան մարզերում: Սիմոնյանի խոսքով՝ Խեթական կայսրության արևելյան մարզերը Հայկական լեռնաշխարհն էր, և հիմա Վերին Նավերում գտնում են գրագրության առարկայական փաստերը:

Ըստ Սիմոնյանի՝ այդ ամենը պետք է հետազոտվի եվրոպական լաբորատորիաների ընդգրկմամբ, որպեսզի ոչ ոք իրողությունը կասկածի չենթարկի:

Հնագետը կարևորեց նաև այն ընծաների հայտնագործումը, որոնք ուղարկվել են հեռավոր Էլամից: Այն հին աշխարհի հնագույն պետություններից է եղել, որը բազմիցս նվաճվել է:

«Հզորագույն երկրի արքան արքայական ընծաներ է ուղարկել Արարատյան դաշտի իր դաշնակցին, ինչը Հին աշխարհում ընդունված երևույթ է եղել. պատերազմող երկրներն իրենց դաշնակիցներին շատ թանկ նվերներ են նվիրել: Հիմնականում մարդու դեմքով հիանալի մշակած դիմաքանդակներով մեդալիոններ, ուսագոտի և այլ իրեր: Մարդկային դեմքերը զարմացնում են գեղեցկությամբ, կանոնավորությամբ, առաքինությամբ: Մինչ այս Հայաստանում հայտնաբերված դիմաքանդակը Տիգրան Մեծի դրամի վրա էր»,- տեղեկացրեց Սիմոնյանը:

Նրա հավաստիացմամբ՝ այս ամենը դեռ սկիզբն է՝ բացահայտելու Արարատյան թագավորությունը, որը հիշատակված է Աստվածաշնչում:

Հակոբ Սիմոնյանը ցավով նշեց՝ հուշարձանը, որը կարևորագույն արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար, պարբերաբար ենթարկվում է ավերումների և գանձագողության, ինչին պետությունը հավուր պատշաճի չի արձագանքում, իսկ ժողովուրդը, որն ազգային արժեքները պահելու գործում մեծ դերակատարություն կարող է ունենալ, անտարբեր է:

Անժելա Համբարձումյան, «Արմենպրես»