Թաթոյան․ Գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Նա գրառում է արել Facebook–ում։

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդկերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ»,– գրել է նա:

Թաթոյանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

«Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»,– ընդգծել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia: