Նախաքարոզչական շրջանում խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ հունիսի 8-ին միջանկյալ զեկույց էր հրապարակել։ Զեկույցը բաղկացած է 16 էջից և 13 բաժնից ու անդրադառնում է մայիսի 18-31-ն ընկած նախաքարոզչական շրջանին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած ուսումնասիրությունում առավելապես ներկայացվում են այն նախադրյալները, քաղաքական համատեքստը, իրավական դաշտն ու ընտրական համակարգը, որում տեղի են ունենալու ընտրությունները: Ներածությունում դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունների հրավերով ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 18-ին բացել է Դիտորդական առաքելություն (ԴԱ):

ԳՈՎԱԶԴ Զեկույցի համաձայն, Օուեն Մերֆիի ղեկավարությամբ առաքելությունը կազմված է Երևանում տեղակայված 11 անդամներից բաղկացած հիմնական անձնակազմից և 26 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մայիսի 27-ին տեղակայվել են երկրի տարբեր մասերում: «Առաքելության անդամները ԵԱՀԿ մասնակից 21 երկրներից են: ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին ընտրության օրվա ընթացքը դիտարկելու համար 250 կարճաժամկետ դիտորդներ առաջադրելու խնդրանքով: ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախկինում դիտարկել է տասնմեկ ընտրություն»,- ասված է զեկույցի ներածական բաժնում:

Դիտորդական առաքելության ուսումնասիրության ամենաուշագրավ հատվածներից մեկը «Քարոզարշավի միջավայր» վերտառությամբ բաժինն է, որում գնահատականներ են հնչեցվում: Նշվում է, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35-45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին: «Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը: Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների: Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»,- ասվում է դիտորդական առաքելության զեկույցում:

ԶԼՄ-ՆԵՐ բաժնում ևս ուշագրավ դիտարկումներ են ներառված: Նախ ամրագրված է տեղեկատվություն, որ մեդիա միջավայրը ներառում է 26 հեռուստաալիքներ (այդ թվում վեցը՝ համապետական ծածկույթով), 24 ռադիոկայաններ, 35 գերազանցող պարբերական տպագիր հրատարակություններ և ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ:

Զեկույցի համաձայն, Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս: «Առցանց լրատվամիջոցների, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը և Յութուբը քաղաքական տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ են դարձել: Խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում լրատվամիջոցների ընդհանուր ազատության բարելավումներ են նկատել: Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ:

Զրպարտությունը ապաքրեականացվել է 2010 թ.: Այնուամենայնիվ, Քաղաքացիական օրենսգրքի 2021թ. կատարված փոփոխությամբ զգալիորեն մեծացել է վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման առավելագույն չափը: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել ԶԼՄ-ներին առնչվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, և նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ վերանայման»,- ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում:

Դիտորդներն արձանագրել են նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել՝ որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական:

«Միևնույն ժամանակ, ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ: Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության տարածմանը»,- նշել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները:

Ինչ վերաբերում է բողոքներին և դիմումներին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ոչ մի զրուցակից դեռևս անհանգստություն չի հայտնել նախընտրական բողոքների և դիմումների քննման ժամկետների առնչությամբ: Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն, որոշ զրուցակիցներ նշել են, որ ընտրությունների արդյունքների հաստատման յոթնօրյա ժամկետն ազդում է հետընտրական վեճերի լուծման վերջնաժամկետների վրա, քանի որ արդյունքների հետ կապված բոլոր բողոքներն ու դիմումները պետք է քննվեն այդ ժամկետում:

«ԿԸՀ-ն տեղեկացրել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ դեռևս չի ստացել բողոքներ, սակայն ստացել է մի շարք տեղեկատվություն ստանալու հարցումներ, որոնց մեծ մասին արդեն պատասխանել է»,- ասված է զեկույցում, տեղեկացնում է News.am: