Սաֆրաստյան․ ԱՄՆ-ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 14-ին կայանալիք Բայդեն–Էրդողան հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղաի հիմնահարցը։

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` պետքարտուղար Բլինկենի հայտարարության այն հատվածը, որը կապված է Արցախի հետ, արտացոլում է այն իրողությունը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը, ի տարբերություն նախորդի, փորձում է իր դիրքն ակտիվացնել արցախյան խնդրի բանակցային գործընթացում։ Ըստ նրա` ԱՄՆ–ն առհասարակ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ ավելի ակտիվ քաղաքականություն է սկսում վարել, ինչի հավաստումն էր պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջանային այցը։

«Այստեղ նաև Թուրքիան իր խաղն է խաղում։ Թեև նա արցախյան 44-օրյա պատերազմում չստացավ այն, ինչ ցանկանում էր, բայցևայնպես հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում գոնե ինչ–որ չափով ոտք դնելու տեղ ապահովել, ինչը նույնպես փորձում է այսօր ԱՄՆ–ին զիջել` դիվիդենտներ ստանալու ակնկալիքով։ Հենց այդ նպատակով էլ ամերիկացիներին ասում են` դուք ուզում եք ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մենք արդեն այնտեղ ունենք տեղ և կարող ենք այդ հարցում օգնել ձեզ։ Այսինքն` Թուրքիան ԱՄՆ–ին առաջարկում է միջնորդավորված ակտիվություն»,– նշեց թուրքագետը։

Սաֆրաստյանի համոզմամբ` ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում կակտիվանա ոչ միայն Թուրքիայի միջնորդությամբ, թեև այդ երկրի գործոնը կշարունակի օգտագործել նոր քաղաքականության համատեքստում, հետևաբար երկու կողմերն էլ ունեն իրենց հաշվարկները։ Փորձելով պահպանել ընդհանուր դաշնակցային հարաբերությունները` այս երկրները կձգտեն որոշակի առավելություն ստանալ երկկողմ փոխգործակցությունից։

Ըստ Սաֆրաստյանի` ԱՄՆ–ի քաղաքական վերնախավն այսօր Թուրքիային չի վստահում, քանզի այդ երկիրը ղեկավարում է մի մարդ, որը չի կիսում արևմտյան արժեքները, որոնց տարածումը Բայդենը համարում է իր առաքելությունը, հետևաբար ներկայիս Թուրքիան չի ընկալվում որպես արևմտյան արժեհամակարգի մաս։ Եթե անվստահությունը խորանա, այն կարող է հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, առավել ևս որ դրան նպաստում է անձամբ Էրդողանի վարած արկածախնդրային քաղաքականությունը։