Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչին
Հունիսի 12-ին ամփոփվել են դիրիժորություն մասնագիտությամբ անցկացվող Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքները։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող դիրիժոր Դաիչի Դեգուչին։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից News.am-ին հայտնում են, որ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակին է արժանացել Յուկուան Ջինը (Չինաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Էլիաս Բրաունին (ԱՄՆ), չորրորդ տեղում է Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է տասը հազար դոլարին համարժեք դրամի չափով պարգևի, ինչպես նաև առաջիկա երկու համերգաշրջանների ընթացքում նրան հնարավորություն կտրվի երկու համերգով հանդես գալու Հայաստանում։
Շնորհվել են նաև հատուկ մրցանակներ. մրցույթի առաջին փուլում կլասիցիզմի դարաշրջանի սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակ է ստացել Իեն Նիդերհոֆերը, առաջին փուլում հայ ժամանակակից կոմպոզիտորի՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության լավագույն մեկնաբանման համար հատուկ մրցանակի է արժանացել Յուկուան Ջինը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բարեկամ Գագիկ Գաբրիելյանի անվան հատուկ մրցանակ է ստացել Էկտորաս Տարտանիսը (Գերմանիա/Հունաստան)՝ մրցույթի առաջին փուլում Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոյի լավագույն մեկնաբանության համար։ Դիրիժոր Յուրի Դավթյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել Յունա Չժոնին (Հարավային Կորեա)՝ մրցույթի երկրորդ փուլում Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար։ Լեհաստանի Օլշտին քաղաքի Ֆելիքս Նովովեյսկու անվան Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հատուկ մրցանակ է ստացել Ալեքսանդր Իրադյանը (Հայաստան/Գերմանիա), որը մրցանակակրին հնարավորություն կտա 2021-2022 համերգաշրջանի ընթացքում ղեկավարել սիմֆոնիկ համերգ սիմֆոնիկ նվագախմբի հետ Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Իեն Նիդերհոֆերը։
Դաիչի Դեգուչին մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ երջանիկ է հաղթանակի համար։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ պրոֆեսիոնալ ժյուրիին, իր արդեն իր ընկերներ դարձած մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին, նվագախմբին, որի երաժիշտները շատ բաներ են պատմել իրեն Արամ Խաչատրյանի մասին։ Դաիչի Դեգուչին նկատում է, որ որպես երաժիշտ նվագախմբի կազմում կատարել է Խաչատրյանի «Գայանե» բալետը, սակայն որպես դիրիժոր առաջին անգամ է ներկայացնում խաչատրյանական երաժշտությունը։ Դեգուչին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ներկայացրեց հատված Խաչատրյանի Թիվ երկու սիմֆոնիայից։ Ի դեպ, Խաչատրյանի տուն-թանգարանը հնարավորություն էր տվել առաջին մրցանակակրին փակման գալա համերգի ընթացքում հանդես գալ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով։
Մրցույթի ժյուրիի նախագահ Հովհաննես Չեքիջյանն ընդգծեց, որ մրցույթն անցավ բարձր մակարդակով։ Ըստ նրա՝ Խաչատրյանը անուն է, որով հպարտանում ենք։ Եվ մեծ պատիվ է ունենալ նրա անունը կրող այսպիսի բարձրակարգ մրցույթ և այսպիսի հիանալի մասնակիցներ մրցույթի շրջանակներում։ Նա ընդգծեց, որ մրցանակակիրների ընտրությունը բավականին բարդ էր։
Ժյուրիի մյուս անդամները նույնպես տպավորված էին Խաչատրյանի անվան մրցույթով։ Գրեմմի մրցանակի առաջադրված թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին շեշտեց, որ շատ հպարտ է մաս կազմել այս մեծ իրադարձության և լինել պատվավոր ժյուրիի անդամ։ Նա շնորհավորեց մրցույթի բոլոր մասնակիցներին՝ բարի ճանապարհ մաղթելով նրանց իրենց կարիերայում։
Լոնդոնի երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր, դիրիժոր Փիթեր Սթարքը նշեց, որ Երևանում անցկացվեց երաժշտությամբ պարուրված ֆանտաստիկ շաբաթ։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր դիրիժոր պետք է հիշի այս մրցույթը և պատասխանատվությամբ վերաբերվի հետագա գործունեությանը։
Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, շնորհավորելով մրցույթի դափնեկիրներին, վստահություն հայտնեց, որ նրանց մեծ ապագա է սպասվում։ Նա շնորհակալություն հայտնեց նաև մրցույթի կազմակերպիչներին, քանի որ Խաչատրյանի անվան մրցույթի միջոցով Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր մշակույթի մակարդակը, ինչը խիստ կարևոր է:
Ժյուրիի բոլոր անդամները հատկապես շեշտեցին պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերը մրցույթի ընթացքում. նվագախումբը ամբողջ ստուգատեսի ընթացքում մասնակիցներին հետ հանդես եկավ լայն երկացանկով՝ հնարավորություն տալով երիտասարդ դիրիժորներին վեր հանել իրենց ամբողջ ներուժը և լավագույնս ներկայանալ ժյուրիին։
Նշենք, որ ժյուրիի երկու անդամներ դիրիժոր՝ Ջորմա Պանուլան և Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, ժյուրիի աշխատանքին մասնակցում էին հեռավար։