«Փաստ»․ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ օրերս մեկնել է Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունեցել: Այս մասին հայտնի է դարձել «Փաստ» օրաթերթին։

«Փաստը» տեղեկությունը ճշտելու համար դիմել է զոհվածի եղբայր, անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանին: Նա հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրենք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, հրապարակելը նպատակահարմար չի համարել:

«Արա Աբրահամյանը մեզ խոստացել էր հանդիպումներ կազմակերպել, ինչն իրականացրեց: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ինչպես մեր գերեվարված զինվորներին վերաբերող, այնպես էլ մի շարք այլ հարցեր: Նպատակը մեկն է՝ պետք է ճանապարհ գտնել տուն վերադարձնելու այն գերիներին, որոնց տվյալները հաստատված են, պետք է պրոցեսներն արագացնել: Այս հարցում տարբեր ուղղություններով մեզ խոստացել են օգնել: Բոլոր հանդիպումներին ծնողներն անձամբ են մասնակցել»,-եզրափակում է Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ այցի կազմակերպման, այդ թվում՝ կեցության բոլոր ծախսերը հոգացել է Արա Աբրահամյանը»,-գրում է թերթը։

Sputnik Armenia