Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ՉԷ

Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հայ-ռուսական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հեռանկարների մասին News.am-ի թղթակիցը զրուցեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ։

-Հայ-ռուսական հարաբերությունների Ձեր տեսլականը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կկայանան 2-3 օրից: Կարծո՞ւմ եք արդյոք Դուք, որ այս ընտրությունները որոշիչ կլինեն հայ-ռուսական հարաբերությունների համար:

-Այս ընտրությունները որոշիչ կդառնան Հայաստանի համար, հետևաբար, դրանք որոշիչ կլինեն ամբողջ աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների համար: Թե ինչու են դրանք որոշիչ դառնալու Հայաստանի համար. Կարծում եմ`ապացուցելու կարիք չկա: Անցյալ տարի տեղի ունեցածից հետո, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարման երկամյա ժամանակահատվածի արդյունքն է, իհարկե, Հայաստանն այժմ որպես անկախ պետություն կանգնած է գոյության եզրին: Հայաստանի ապագան և, համապատասխանաբար, նրա դաշինքների ապագան բոլոր պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի հետ, կախված է նրանից, թե կկարողանա արդյոք հայ հասարակությունը հաղթահարել այս մարտահրավերը, հաղթահարել այս ներքին չկարգավորվածությունը և ճիշտ քաղաքական ընտրություն կատարել:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ընտրության առջև է կանգնած Հայաստանը:

-Հայաստանը կանգնած է ընտրության առջև` լինել և զարգանալ որպես անկախ պետություն կամ, ըստ էության, հայտնվել անկարող, չկայացած պետության դերում, որը գտնվում է կորուստների և կիսատապալման ժամանակաշրջանում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում անբարենպաստ պատերազմի, այլ նաև խորը ներքին պառակտման հետևանքով, որը դարձել է կատարված փաստ այս պատերազմի հանդիման: Հայաստանը գտնվում է լինել-չլինելու խաչմերուկում:

-Գաղտնիք չէ, որ երկիրը թուլացած է: Ըստ Ձեզ՝ Ռուսաստանին պե՞տք է թույլ ու հարմարվող դաշնակից, թե՞ Ռուսաստանն, այնուամենայնիվ, նախընտրում է ուժեղ դաշնակցի, որի ձայնը կարող է լսելի լինել աշխարհում:

-Ես կցանկանայի մտածել, որ Ռուսաստանին պետք է ցանկացած Հայաստան: Կարծում եմ, որ խոսքը նույնիսկ արդեն Հայաստանի մասին չէ, այլ հայ ժողովրդի հետ հարաբերությունների, որը ապրում է ամբողջ աշխարհում, և որի զգալի մասը ապրում է մեզ մոտ՝ Ռուսաստանում: Իհարկե, Ռուսաստանը հասկանում է, որ եթե պարտություն է հասցված... Ես, այս առիթով խոսելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքների կապակցությամբ, ասել եմ, որ եթե քո դաշնակիցը պարտություն է կրել, ապա այս դեպքում մի հարցրեք, թե ում համար է հնչում զանգը: Այն քո համար է հնչում: և եթե Ռուսաստանը Կովկասում իր հարաբերությունները կառուցում է Հայաստանի հետ սերտ ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունների միջոցով, ապա Հայաստանի ցանկացած նվաստացում, Հայաստանին հասցված ցանկացած վնաս արտացոլվում է Կովկասում Ռուսաստանի հնարավորությունների վրա: Ես տեսնում եմ այդ փոխադարձ կապը, և դրանից ելնելով՝ ես, իհարկե, ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթահարի իր դժվարությունները և կարողանա վերականգնել իր գործունակությունն ու պաշտպանունակությունը:

-Ձեր կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ո՞ւմ հաղթանակը կապահովի Հայաստանի ամրապնդումը, նրա միջազգային վարկանիշի վերականգնումը, այդ թվում` հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացումը: Ըստ Ձեզ՝ ո՞վ պետք է իշխանության գա Հայաստանում դրա համար:

-Ռուսաստանում մարդիկ, ովքեր հետաքրքրվում են կատարվածով, անհանգստանում են, ուշադրությամբ հետևում են Հայաստանում ներքաղաքական պայքարի շրջադարձներին, ներառյալ խորհրդարանական այս արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքին: Մենք տեղյակ ենք, թե ինչ վարկանիշներ են այժմ հայտնվում: Տեսնում ենք, որ իրականում գործող իշխանությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր կողմնակիցներին: Ինձ թվում է, որ մարդկանց արձագանքը համապատասխանում է առողջ բանականությանը:

Նա արդեն չի կարող ամբողջովին ապավինել փողոցին, ինչպես դա եղավ 2018 թվականին։ Մարդը, որը այս ընթացքում եղել է Հայաստանի ղեկավարը, պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Ինձ թվում է, որ բնական կերպով կրկին քաղաքական ասպարեզում է հայտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որի օրոք, Լեռնային Ղարաբաղի ղեկավար եղած ժամանակ ԼՂ անկախության համար պայքարում վճռական հաղթանակներ են գրանցվել: Որի օրոք դժվար թե տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք: և թեև մենք գիտենք, որ հայ հասարակությունը միասնական չէ անցյալի և ներկայի իր գնահատականներում, ես հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակում, ինչպիսին էլ լինեն պարոն Փաշինյանի մտացածին արժանիքները, նրա ժամանակը սպառվում է: Հայաստանի ապագան ավելի շատ կապված է այն մարդկանց հետ, որոնք ի վիճակի են ոչ թե կյանք ներշնչել, այլ վերադարձնել հայ ժողովրդի և Հայաստանի ոգին` որպես այդպիսին:

Ստեղծված իրավիճակում այս դերի համար հարմար է Ռոբերտ Քոչարյանը, և բոլորովին հարմար չէ Նիկոլ Փաշինյանը

Ինչ վերաբերում է նրան, թե ում հաղթանակը ընտրություններում ավելի շատ բան կբերեր ռուս-հայկական հարաբերություններին, ապա իմ պատասխանն այսպիսին է՝ նրա հաղթանակը, ով կամրապնդի Հայաստաը: Տարօրինակ կլիներ կարծել, որ որևէ մեկը, հատկապես գործող իշխանությունը, Ռուսաստանի հետ բարեկամության մենաշնորհ ունի։ Ինչպես գիտեք, պաշտոնական Ռուսաստանը շատ բծախնդիր է ներքին գործերին ուրիշի միջամտության հանդեպ: Մենք հարգանքով ենք վերաբերում հայ ժողովրդին, նրա խելքին ու պատմական փորձին, տեղի ունեցածի նրա ընկալմանը:

Ռուսաստանի իշխանությունները չէին ցանկանա, որ հիմա կամ ապագայում որևէ մեկը ասեր՝ Ռուսաստանն է մեզ ընտրություն պարտադրել: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված:

Բայց որպես հայ ժողովրդի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարեկամ, ուզում եմ ասել՝ եթե ժողովուրդը ցանկանում է վերադարձնել Հայաստանի հեռանկարը, եթե ուզում է, որ Հայաստանը շարունակի իր գոյությունը որպես պետություն, որն ունակ է պաշտպանել իրեն, ապա, ինձ թվում է, որ այս դեպքում հայերը կքվեարկեն Ռոբերտ Քոչարյանին և գործող կառավարությանը ընդդիմադիր այլ ներկայացուցիչների օգտին: Եթե հայերի համար միևնույնն է, նրանք հոգնել են ամեն ինչից և իրենք իրենցից, ապա ես կանխատեսում եմ շատ վատ, այլ արդյունքներ:

-Պարոն Զատուլին, հայ հասարակության մեջ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կարծիքները բաժանված են՝ կողմերից մեկը պնդում է, որ պետք է արժանի բանակցություններ վարել, և ակնկալում է ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնում, իսկ մյուս կեսը կարծում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում կամ որպես ինքնավարություն: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան հարցը, որը այդպես էլ մնաց չլուծված՝ չնայած պատերազմի արդյունքներին:

-Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնական հարցը մնաց չլուծված: Ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ինչ-որ մեկի՝ Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելը, անկասկած, միջազգային հարաբերությունների կարևոր սկզբունք է: Բայց միջազգային հարաբերությունների սկզբունքների շարքում ոչ պակաս կարևոր և հավասարազոր սկզբունք է հարգանքը ժողովուրդների ինքնորոշման հանդեպ: 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստն ակնհայտ է: Բայց անցյալ տարվա պատերազմի հետևանքով այս փաստի ճանաչումը չհաստատվեց, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնաց անորոշ: Այսինքն՝ այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ագրեսիա իրականացրեց, խախտեց հրադադարի պայմանագիրը, ռազմական ճանապարհով փորձեց իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բոլորովին չի չեղարկում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման և անկախության իրավունքը:

Ինքնորոշման ձգտումը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը, օրինակ, 1992-ին, հռչակեց իր անկախությունը, ինչպես Հայաստանը: Նաև Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախություն, ընդ որում՝ Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ: Փաստորեն, Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանն այլևս չէր վերահսկում այս տարածքը: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում նրա տարածքային ամբողջականության ճանաչումը, որպես անկախ պետություն, պայմանական էր և, իմ կարծիքով, սխալ էր: Ես այս դեպքում արտահայտում եմ իմ անձնական կարծիքը: Այդ ճանաչման արդյունքում ղարաբաղյան հակամարտության էության հիպերտոֆիկ պատկերացում ծագեց: Միջնորդներն ակնհայտորեն հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հայ մեծամասնությունը չի համաձայնի Ադրբեջանի տարածքում համակեցության որևէ տարբերակի: Հենց այդ պատճառով Ադրբեջանը 2020 թվականին դիմեց ագրեսիայի: Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է (և հռչակագիրը, որը վերջերս Շուշիում ստորագրեցին նախագահներ Ալիևը և Էրդողանը, ևս մեկ անգամ հաստատում է) Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը համարել Ադրբեջանի տարածք: Այս ճանապարհին խաղաղության հասնել անհնար է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ ամբողջ տարածաշրջանում:

Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ադրբեջանական կողմի խելքը կբավականացնի, որպեսզի դադարեցնի իր հաղթանակը տոնելը և անցնի խաղաղ համակեցության իրողություններին: Բայց, շատ ափսոս, Ադրբեջանի ղեկավարությունը դեռ նման մոտեցում չի ցուցաբերում: Մի կողմից, տպագրվում են հոդվածներ այն մասին, որ հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի հետ կապված կորուստների մասին և այդպիսով խաղաղ համակեցության հնարավորություն տան: Մյուս կողմից, միևնույն ժամանակ, և Ադրբեջանի, և Թուրքիայի ղեկավարությունը շարունակում են պարել ոսկորների վրա, վիրավորել ու նվաստացնել և հայ ժողովրդին, և Հայաստանին: Պարոն Ալիևը իսլամական աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու Հայաստանի փորձերի մասին խոսում է որպես վիրավորանք, քանի որ, նրա կարծիքով, հայերը սկզբունքորեն չեն կարող նորմալ հարաբերություններ ունենալ իսլամական երկրների հետ:

Կարծում եմ, որ վերջերս «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Քոչարյանը ճիշտ տարբերություն դրեց հոր և որդու` Հեյդար Ալիևի և Իլհամ Ալիևի միջև: Ո՛չ հօգուտ ժառանգի, ո՛չ հօգուտ Իլհամի: Քանի որ նա չի ցուցաբերում այնպիսի մարդու որակներ, որն ունակ է վեր կանգնել նեղճակատ ազգայնականությունից:

Այս իրավիճակում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սուր է մնում: Բանակցային գործընթացն այստեղ այլընտրանք չունի: Այսօր Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրավունք ունի անել այն, ինչ ուզում է, բայց քանի դեռ ռուս խաղաղապահները տեղում են, Ադրբեջանը նորից որևէ ռևանշիստական գործողություն կատարելու հնարավորություն չի ունենա:

Ադրբեջանը հայ ռազմագերիներին համարում է հանցագործներ, հանցավոր կազմավորումների անդամներ, չնայած իրականում խոսքը սովորական ռազմագերիների մասին է, որոնց նկատմամբ գործում են միջազգային չափանիշները: Նրանք, իհարկե, պետք է փոխանակվեն ադրբեջանական ռազմագերիների հետ խաղաղ բանակցությունների գործընթացում: Բայց, ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն այստեղ ըմբռնման որևէ լայնություն և խորություն չի ցուցաբերում:

Այս ամենը խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար: Ռուսաստանը կցանկանար նորմալ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ, բայց մենք տեսնում ենք, հատկապես երեկվանից հետո, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է երկրորդական՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համեմատ: Նա դա ցույց տվեց երեկ՝ Շուշիում ստորագրելով հայտնի հռչակագիրը: Որքան էլ ձգտում էր այսօր թուրքական և ադրբեջանական մամուլը հանգստացնել Ռուսաստանին և ասել, որ դա ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ իրականում ռազմաքաղաքական հռչակագիր է, որում ասվում է, որ նրանք ոչ միայն դե ֆակտո դաշնակիցներ են, այլև՝ դե յուրե: Դե ֆակտո նրանք այդպիսի դաշնակիցներ վաղուց են դարձել, դե յուրե՝ Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո: Ահա սրանից ենք մենք այսօր ելնում: և սրանից ելնելով՝ մենք, ինչպես ինձ է թվում, պետք է գործենք դիվանագիտական ասպարեզում, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության հետագա նվաստացումը չի բխում ոչ Ռուսաստանի շահերից, ոչ էլ Կովկասում խաղաղության շահերից, և, ի վերջո, ոչ էլ Ադրբեջանի շահերից: Քանի որ այս կերպ Ադրբեջանը ամրապնդում է իրեն որպես տարածաշրջանում լարվածության ու անհանգստության աղբյուր: և դա չի կարող չանդրադառնալ նրա հետագա զարգացման վրա:

News.am