Զարիֆը Թուրքիայում հայտարարել է անվտանգության շուրջ բանակցելու Իրանի պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ողջունում է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկը, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ԱԳ նախարարը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շեշտել է հարևան պետությունների միջև տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

Գոհունակություն հայտնելով Իրանի և Իրաքի միջև Շալամչեխը Բասրայի հետ կապող երկաթուղի կառուցելու նախագծի վերաբերյալ համաձայնագրերի կապակցությամբ` Զարիֆը հայտարարել է Իրաքի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին:

Իր հերթին, Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը ողջունել է Բաղդադի և Թեհրանի միջև կառուցողական տնտեսական համագործակցությունը և բարձր է գնահատել նման համագործակցությունը զարգացնելու Իրանի ջանքերը:

Զարիֆը ելույթ կունենա նաև Անթալիայում անցկացվող ֆորումին, որը նվիրված է Իրանի քաղաքականությանը հարևան երկրների հետ հարաբերությունների նկատմամբ, տեղեկացնում է News.am: