ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

ԱՊՀ դիտորդները ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա: Այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Իլհոմ Նեմատովը, տեղեկացնում է Sputnik Armenia:

«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Անցկացվել են բազմակուսակցականության հիմքով, եղել են բաց ու թափանցիկ: Ընտրական հանձնաժողովն ապահովել է բոլոր միջոցները քաղաքացիների ազատ կամարտահայտության ապահովման համար: Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան»,- ասաց նա:

Ըստ նրա` եթե ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, ապա քաղաքացիներին ընտրության լայն հնարավորություն է տրված:

Որոշ թերացումներ, իհարկե, եղել են, բայց դրանք, դիտորդների խոսքով, չեն կրել համակարգային բնույթ ու չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Օրինակ` ընտրատարածքներից մեկում դիտորդներն արձանագրել են, որ քաղաքական 25 ուժերից ոչ մեկի ներկայացուցիչը իրենց այցելության պաhին տեղամասում չի եղել:

Մյուս թերացումները, ըստ նրանց, առավելապես տեխնիկական բնույթի են եղել:

Որոշ տեղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների մասին հարցին Նեմատովը պատասխանեց. «Գիտեք՝ հայկական շատ լավ ասացվածք կա` լուսինն էլ անթերի չի լինում: Այնպես որ դրանք թերություններ են, որոնք ընտրությունների արդյունքների վրա, իհարկե, չեն ազդել»: