Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստման երկու կետ է բացվել

Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստման կետ է բացվել «Սադովոդ» առևտրի կենտրոնում: Այսպիսով, ներկայում Ռուսաստանի մայրաքաղաքում հասանելի է միգրանտների պատվաստման երկու կետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ միգրանտների պատվաստման կետ էր բացվել Սախարովոյի բազմաֆունկցիոնալ կենտրոնում:

Պատվաստման նոր կետի աշխատաժամերն են 08։00 – 20։00–ն, այն կարող է օրական ավելի քան 2 հազար մարդու սպասարկել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում ներգաղթյալներին պիլոտային ռեժիմով պատվաստելու մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ առաջին փուլում պատվաստումն իրականացվում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութով։ Դրա ընդամենը մեկ դեղաբաժին է հարկավոր։

Սկզբում աշխատանքային միգրանտներին կպատվաստեն գործատուների հայտերի հիման վրա, որոնք ենթակա են մի շարք ոլորտներում պարտադիր պատվաստման մասին Մոսկվայի գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման պահանջներին: Դա վերաբերում է առևտրի, ծառայությունների, հանրային սննդի, տրանսպորտի, առողջապահության, կոմունալ տնտեսության, բազմաֆունկցիոնալ կենտրոնների, կրթության, մշակույթի ոլորտներին և երեխաների հետ աշխատող կազմակերպություններին։ Մինչև օգոստոսի 15-ը նման կազմակերպություններում պետք է պատվաստանյութի երկու բաղադրիչով պատվաստվեն աշխատակիցների առնվազն 60 տոկոսը։

Միգրանտների պատվաստման ծառայությունների վճարումը կատարում է գործատուն, նա էլ ստանում է իր աշխատակիցների պատվաստման վկայականները: Ծառայության արժեքը մեկ աշխատակցի համար կազմում է 1300 ռուբլի, տեղեկացնում է Sputnik Armenia: