Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի

ՀՀ ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել։ Նիստը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից, որի համաձայն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը համաձայնություն տալու ու առաջարկված օրակարգը հաստատելու համար ՀՀ ԱԺ խորհուրդն այսօր ժամը 17:30–ին նիստ կգումարի։

Նիստի նախաձեռնողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է, որն առաջարկում է նիստի օրակարգում ներառել նախկին նիստերում քննարկված ու առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրինագծեր երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերը։

Օրակարգում ներառված են «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի», «ԿԲ–ի մասին», «Լիցնզավորման մասին», «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու օրինագծերը, տեղեկացնում է Sputnik Armenia։