ՄԱԶԾ-ն Ռուսաստանի ֆինանսավորմամբ կաջակցի Հայաստանի շուրջ 28 հազար բնակչի

Հունիսի 30-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի առավել խոցելի համայնքներին և խմբերին՝ ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։

Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը: 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջոցով:

Ծրագիրը համահունչ է ներառական աճի, ձեռներեցության և աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության դեմ պայքարի ՀՀ կառավարության օրակարգին և նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ անապահով խմբերի համար՝ ներառյալ տեղահանվածները և վետերանները, աշխատատեղերի ստեղծման տարատեսակ մեխանիզմների միջոցով աջակցել նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, առավելագույնի հասցնել սոցիալ-տնտեսական վերականգնման օգուտները համայնքների և խոցելի խմբերի համար՝ միևնույն ժամանակ տրամադրելով կայուն և կանաչ էներգիայի լուծումներ:

Ընթացիկ երկամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ, տեղեկացնում է Hetq.am: