ԱՆԱՐԳԱՆՔԻ ՏՈՆ

Երևանի ռեստորաններից մեկում «Քաղաքացիական պայմանագիրը» տոնեց իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Դե ինչ, դա իսկապես հաղթանակ էր, ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ. հաղթանակ սեփական ժողովրդի, հարազատ պետության նկատմամբ։

Իշխող թիմը կրկին բավարար ձայներ ստացավ կառավարություն ձևավորելու համար։ Չնայած պատերազմում կրած պարտությանը, հազարավոր զոհերին, ավելի քան տասը հազար վիրավորներին։ Չնայած հարյուրավոր անհայտ կորածներին ու գերեվարվածներին։ Չնայած այն բանին, որ Հայաստանի տարածքում շարունակում են դիրքավորվել ադրբեջանցի զինծառայողները։ Չնայած բանակի, ԱԳՆ-ի փլուզմանը և ԱԱԾ-ում կադրային աթուրմա խաղալուն։ Չնայած լայնածավալ արտագաղթին, որն ավելի շուտ փախուստ է հիշեցնում դատապարտված նավից։ Չնայած կորոնավիրուսի հազարավոր զոհերին: Այդուհանդերձ իշխող կուսակցությունը հավաքեց ձայների ավելի քան 53%։

Ինչպե՞ս դա ստացվեց նրանց մոտ։ Հեշտ ու հանգիստ։ Քաղցր կյանքի խոստումներ, տխմար ասեկոսեներ, սպառնալիքներ անհնազանդներին, ատելության սերմանում հակառակորդների հանդեպ։ Պարգևների շռայլում պետծառայողներին, անտոկոս վարկերի տրամադրում գյուղացիներին, համաներում զինվորական ծառայությունից խուսափողներին, քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործում ողջ թափով։

Նրանք կրկին մանդատների մեծամասնություն կունենան խորհրդարանում, և այսօր նույնիսկ այն աստիճան են լկտիացել, որ պահանջում են իշխանության տեղական մարմինների և տարբեր կառույցների բոլոր այն ղեկավարների հրաժարականը, որոնք սատարել են քաղաքական մյուս թիմերին։ Ավելի ճիշտ՝ համարձակվել են ընտրություններում չսատարել «Քաղաքացիական պայմանագրին»։ Եվս մեկ աբսուրդ՝ այն ամենի շարքում, ինչ տեղի է ունենում Նիկոլի ժամանակների Հայաստանում։ Քաղաքական վայ-գործիչները, որոնք ներկայանում են իբրև ժողովրդավարության բաստիոնի պահապաններ, վերջնագրի ձևով պահանջում են իշխանության տեղական մարմինների անցանկալի ղեկավարների հրաժարականը…

Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել եվրոպական երկրում, որ համապետական ընտրություններում հաղթած թիմը հաշվեպարզման համար իր մոտ հրավիրի տեղական իշխանության ղեկավարին, ոչ իրենց թիմից, պահանջի նրա հրաժարականը, իսկ մերժում ստանալով՝ ծեծի ենթարկի հենց պետական հաստատությունում։ Եվ հանգիստ շրջի ազատության մեջ, ի տարբերություն պրոֆեսոր Չարչյանի, որը կալանավորվել է ընտրատեղամաս անպայման գնալու կոչի և հիշեցման համար, որ նույնիսկ Եկեղեցին է դեմ պետության ղեկավարի դերում Նիկոլի պաշտոնավարմանը

Դեռ որքա՞ն պիտի ձգվի ինքնագոհ սիրամարգերի այս իշխանությունը, որոնք մեղքի չնչին զգացում անգամ չեն ապրում հազարավոր հայ ընտանիքների ողբերգության համար։ Հիմա նրանք ժպտում են, ուրախ հարցազրույցներ տալիս հեռուստատեսությունում։ Մարդիկ, որոնցից ոչ մեկը գեթ մեկ լումայի ներդրում անգամ չունի հայոց պետության կառուցման գործում։ Լոկ՝ փլուզման։ Եվ նրանք կրկին շարունակելու են իրենց գործը. Հայաստանի և Արցախի ոչնչացումը։ Վերջնականապես, իհարկե, չեն բնաջնջի, բայց մեծագույն ջանքեր կգործադրեն։

Երևանյան ռեստորաններից մեկում նրանք ուրախ նշեցին հաղթանակը։ Տոնելով երբեմնի հպարտ երկրի վերածումն իր ծաղրապատկերի, որի անվտանգությունը որոշվում է այլ մայրաքաղաքներում, բնավ ոչ Երևանում։ Պետությունը փլուզած մարդիկ տոնում են կառավարություն ձևավորելու իրենց իրավունքը։ Տոնում են հիասքանչ երկրի անարգումը շարունակելու համար մանդատներ ստանալը։ Դեռ ինչքա՞ն պիտի ձգվի այս ժանտախտը։ Հարցի պատասխանն ու հարցի գինը ընդդիմության ձեռքում են։

Основная тема:
Теги: