ՉԺՀ դեսպանը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումը
Չինական կողմը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը այդ երկրի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, իբր, ասել է. «Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք դեսպանը կիսում է այդ դիրքորոշումն ու համաձայն է այդ ձևակերպման հետ, Ֆան Յունն ասել է. «Չինական կողմը նման միտք չի արտահայտել»:
«Ձեր բարձրացրած հարցի կապակցությամբ կարող եմ ասել, որ մենք արդեն դա քննարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,-հավելել է դեսպանը:
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով, տեղեկացնում է News.am-ը: