ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂԸ…

Նոր խորհրդարանի առաջին նիստը հետաձգվում է, քանի որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն առաջիկայում դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Սահմանադրական դադար։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, սակայն, ժամանակ չեն կորցնում ու կիսախոստումներ-կիսասպառնալիքներ են բաժանում աջ ու ձախ։ Այսօր նրանք իբրև գլխավոր խաղաքար են օգտագործում «օրենքի դիկտատուրայի» հաստատումը, ինչի համար, իբր, ժողովուրդը մանդատ է տվել իրենց։ Ո՞վ էր նրանց խանգարում նախկինում, մի՞թե ժողովուրդը. անհասկանալի է, բայց էական չէ։

Գործնականում այդ «օրենքի դիկտատուրան» արտահայտվում է նրանով, որ նոր իշխանության նկատմամբ ոչ լոյալ պաշտոնյաներին ստիպում են հրաժարական տալ, թեև վերջիններիս իրավունքները պաշտպանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով։ Օձունի համայնքապետ Արմեն Տիտանյանին հրաժարական չտալու համար հենց Շիրակի մարզպետարանի շենքում ծեծի ենթարկելը Նիկոլի ու իր թայֆայի պատկերացումներով «օրենքի դիկտատուրա» հաստատելու վառ օրինակն է։ Ինչպես հայտարարել է ինքը՝ Տիտանյանը, քրեական գործ է հարուցվել, դա պլյուս է։ Միայն թե գործը փոքր-ինչ տարօրինակ է. տուժող կա, իսկ մեղադրյալներ չկան։

Փոխարենը Փաշինյանը հանդիպեց դատախազների հետ և գովեց նրանց. իբր՝ ձեր շնորհիվ է, որ ընտրություններից հետո ոչ մի անցանկալի միջադեպ չի եղել... Այսինքն եթե ընդդիմությունը փողոց դուրս բերեր մարդկանց, իսկ նա կարող է անել դա ցանկացած պահի, ապա դրա համար մեղավոր կլինեին դատախազնե՞րը։

Դատելով ամենից, նոր իշխանությունը, եթե և երբ այն ձևավորվի, գործելու է հին, փորձված մեթոդներով։ Եթե ընտրակաշառքն ու սպառնալիքները Փաշինյանի թիմի գլխավոր լծակներն էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա դրա վերջնական ավարտից հետո կլինեն շատուշատ խոստումներ, գեղեցիկ խոստումներ և այդ խոստումների չիրականացման համար մեղավորների եռանդագին որոնումներ։ Դե, իսկ այն, որ գործնականում ամեն ինչ գլորվելու է գրողի ծոցը, և պետական պարտքն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 70%-ի նշաձողը, նորմալ է. ընտրություններից առաջ պետք էր անտոկոս վարկեր բաժանել ու պարգևավճարներ շռայլել։

Իհարկե, նվազագույն են խոսակցությունները ռազմագերիների խնդրի մասին, որոնց այսօր Բաքվում դատում են իբրև դիվերսանտներ ու ահաբեկիչներ։ Գրեթե չկան նույնիսկ Հայաստանի սահմանամերձ տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման պահանջներ։ Իսկ չէ՞ որ հեռանալու համար նրանց ընդամենը մի քանի ժամ էին տալիս վերջնագրի տեսքով։ Մոտավորապես մեկ ամիս առաջ։

Փոխարենը՝ ավելի մեծաթիվ ու բազմազան են դառնում մեղավորները։ Հովհաննես Իգիթյանը նոր պատասխանատուներ է գտել. գերիները, ասում է, մինչև հիմա գերության մեջ են, որովհետև չի օգտագործվել համայն հայության ներուժը, իբր՝ Սփյուռքը շատ ավելին կարող էր անել։

Իհարկե, կարող էր, բայց ինչո՞ւ այդքան հեռուն գնալ, երբ Փաշինյանը կողքներիդ է։ Կհիշեցնեիք նրան իր որոշ խոստումները, եթե մոռացել է։ Օրինակ, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Ինչո՞ւ Փաշինյանը չմեկնի Հադրութ ու չկրկնի նույնը ի լուր ադրբեջանցիների. թե՝ Հադրութը Հայաստան է, և վերջ, դե, մաքրվե՛ք այստեղից։ Կամ գոնե պարզապես կրկնի այդ հերոսական միտքը։ Թեկուզ ոչ Հադրութում, թեկուզ ոչ Արցախում, թող լինի Երևանում։ Պարզապես կրկնի

Կամ՝ մեկ այլ լեգենդար խոստում. ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում։ Խոստում, որը Փաշինյանը տվեց պատերազմից առաջ։ Դե, երբ Ալիևը սկսեց տեղեկություններ հրապարակել Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև ընթացող գաղտնի բանակցությունների մասին։ Եվ համաձայն որոնց՝ Փաշինյանը սկզբում պատրաստակամություն էր հայտնել զիջումների գնալ, բայց հետո հրաժարվել՝ պատճառաբանելով ներքաղաքական անկայունությամբ։

Պատասխանելով տեղեկատվական այդ արտահոսքին՝ զայրացած Փաշինյանն այն ժամանակ սպառնաց, որ եթե Ալիևը շարունակի իրեն վատ պահել, ապա ինքը՝ Փաշինյանը, կհրապարակի այնպիսի տեղեկատվություն, որը կպայթեցնի իրավիճակն Ադրբեջանում։

Հե՜յ, Փաշինյա՛ն։ Նիկոլ Վովաևի՛չ։ Ժամանակն է, եկել է պահը ապակայունացնելու իրավիճակն Ադրբեջանում և դրանով իսկ լուծելու Հայաստանի սահմանամերձ տարածքներից ադրբեջանցիների վտարման խնդիրը։ Կամ գոնե Ադրբեջանն ապակայունացնող տեղեկատվության մշտական արտահոսքի սպառնալիքով վերադարձնելու գերիներին։ Որպեսզի Իգիթյանը հանգիստ թողնի Սփյուռքին ու ավելի օգտակար որևէ զբաղմունք գտնի իր համար։

Основная тема:
Теги: