Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Ըստ Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի ծառայության, զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը:
Պուտինը Մակրոնին պատմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման մասին: Նա նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման գործում Եվրոպային ներգրավելու անհրաժեշտության վրա:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առաջընթացի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում եվրոպական գործընկերների և, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի սերտ ներգրավման պահանջարկի վրա»,- հավելել է Կրեմլը, տեղեկացնում է News.am-ը: