Պուտինը հետմահու «Արիության շքանշանով» է պարգևատրել Սոչիում սպանված դատական կարգադրիչներ Աղոզյանին և Մաթևոսյանին
Հունիսի 9-ին Սոչիի բնակչի կողմից հերթապահության ժամանակ սպանված դատական կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանը և Անդրանիկ Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել են «Արիության շքանշաններով»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակված է kremlin.ru կայքում:
«Արիության, քաջության և նվիրվածության համար, որոնք ցուցաբերվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, Աղոզյան Ալբերտ Արտեմովիչին և Մաթևոսյան Անդրանիկ Խաչիկովիչին պարգևատրել «Արիության շքանշանով»,- ասված է փաստաթղթում:
Հունիսի 9-ին Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տան բնակիչներին վտարելու համար Ադլերի դատարանի կողմից ուղարկված կարգադրիչները գնդակահարվել էին տեղի 60-ամյա բնակչի կողմից, որը նաև վիրավորել էր մեկ այլ մարդու:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ հրաձգությունը տեղի է ունեցել վտարման ընթացքում ծագած հակամարտության հետևանքով: Տունը, որի մոտ տեղի է ունեցել միջադեպը, հայտարարվել է ինքնակամ շինություն:
Կրասնոդարի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել տղամարդու դեմ: Կրասնոդարի երկրամասի դատախազությունը վերահսկողություն է հաստատել քրեական գործի քննության նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը: