ՈՉ ԿԼՈՐ ՏԱՐԵԹԻՎ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 26 ՏԱՐԵԿԱՆ Է։ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է

Մոխրից հառնել ու իրեն տնօրեն է կարգել դատավորների գլխին

Խախտումների քանակով հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները համեմատում են 1995 թվականի հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք համընկան Տեր-Պետրոսյանի հագով կարած Սահմանադրության ընդունման հանրաքվեի հետ։ Այդ ընտրությունները հիմք դրեցին 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների համատարած կեղծմանը։

Խորհրդարանական ընտրություններում եվ հանրաքվեում խախտումների ինստիտուտի ձևավորման գործում առաջնության դափնին պատկանում է ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանին, 1996-ին ԿԸՀ-ն գլխավորեց նրա աշակերտ և արժանի հետևորդ Խաչատուր Բեզիրջյանը: Ջհանգիրյանը պահանջված է եղել բոլոր ղեկավարների օրոք, սակայն 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո նրա կարիերայում տևական դադար տիրեց։

Այսօր սակավաթիվ են այն լրագրողները, որոնք 1995թ.հուլիսի 5-ի քվեարկությունից հետո սեփական աչքով տեսել են ստորին մակարդակի հանձնաժողովների արձանագրությունները՝ ռետինով ջնջած թվերով։ Այն ժամանակ ԿԸՀ-ն տեղակայված էր խորհրդարանի շենքի տարածքում, և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ասուլիսներում մշտապես ցուցադրում էին այդ խայտառակ արձանագրությունները։ Դրանցից շատերը հուլիսի 5-ից հետո մարզերից ԿԸՀ էին հասնում մեկ և նույնիսկ երկու շաբաթում

2018-ի գարնան իշխանափոխությունից հետո Ջհանգիրյանը շտապ կարգով հառնեց մոխրից և այժմ ինքն իրեն տնօրեն է կարգել դատավորների գլխին, վայելելով կյանքը ողջ թափով։ Նա իր տեսակի մեջ եզակի անձնավորություն է։ Ասենք, դատեք ինքներդ, բայց նախ՝ հարց. ի՞նչ կձեռնարկեր ցանկացած պաշտոնյա, եթե հայտնի պարբերականը առաջին էջում տեղեկություններ հրապարակեր այն մասին, որ այդ բարձրաստիճան անձի դռան շեմին կենդանի հերթ է գոյացել կաշառք տալու համար։ Պատասխանն ակնհայտ է. ցանկացած պաշտոնյա անմիջապես պատասխանատվության կկոչեր հրապարակման հեղինակին կամ ապացույցներ կպահանջեր։ Օրերս հայտնվեց այդպիսի հրապարակում, մամուլի տեսությամբ այն մեջբերում էին բոլոր հեռուստաալիքները, սակայն Ջհանգիրյանը դժվար թե ինչ-որ բան ձեռնարկի…

Նա այդօրինակ հրապարակումներին չի արձագանքում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ եթե դատի տա մեկնումեկին այն բանի համար, որ իրեն անվանել են կաշառակեր, ապա բոլոր նրանք, ում հայտնի է իր ազգանունը, լիաթոք կծիծաղեն: Ջհանգիրյանը միշտ թքած է ունեցել իր հասցեին հնչող մեղադրանքների վրա, իսկ այսօր՝ առավելևս. նա պահանջված է, նա կրկին թամբին է, և դա է գլխավորը։

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, հղում անեմ հրապարակման բովանդակությանը։ Դրա էությունը հանգում է նրան, որ Ջհանգիրյանը «իրավունքի ուժով» երևակայել է իրեն Բարձրագույն դատական խորհրդի նախագահ և հիմա նրա դռան շեմին դատավորներից բաղկացած հերթ է գոյացել։ Հուլիս ամսին լրանում է որոշ դատարանների նախագահների նշանակման 3 տարին, և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակի նոր նախագահներ։ Մյուս դատավորները մտնում են Ջհանգիրյանի մոտ, որպեսզի լուծեն մարզային դատարաններից մայրաքաղաք տեղափոխելու հարցը։ Հարցերն այդ շատ են։ Հրապարակման մեջ բացահայտ ասվում է, որ Ջհանգիրյանի մոտ մտնում են նաև կաշառք տալու համար։ Հեղինակը նշել է, որ եթե դիտենք Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տեսախցիկների պարունակությունը, ապա կարելի է բացահայտել կոռուպցիայի բազմաթիվ հետաքրքիր փաստեր։

Գործի անջատված մասի վերակենդանացման մասին

Երբ Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարում էր Ռուբեն Վարդազարյանը, նման հրապարակումներ ԶԼՄ-ներում չկային, բայց Ջհանգիրյանը, կրկնում եմ, դատավեճի մեջ չի մտնի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, որպեսզի չծիծաղեցնի ժողովրդին։

Այն մարդը, որը ժամանակին անուն է հանել որպես 1995թ.ընտրությունների ու հանրաքվեի արդյունքների տոտալ կեղծարար, այսօր կրկին պահանջված է: Հիշեցնեմ, որ նախքան 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանին միանալը, Ջհանգիրյանը հասցրել էր քրտնաջան աշխատել զինդատախազի պաշտոնում։ Նրան համբավ բերեց (մինուս նշանով) «Մատաղիսի գործը», երբ Ջհանգիրյանը փորձում էր ճաղերի հետևում փակել անմեղ մարդկանց։

Այդ անձնավորության մասին մենք չէինք հիշի Սահմանադրության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, եթե չլիներ մեկ հանգամանք։ Ավելի վաղ մեր լսարանին պարբերաբար տեղեկացրել ենք 1999թ.հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի վերակենդանացման և հետաքննության հասնելու Անահիտ Բախշյանի փորձերի մասին: Ջհանգիրյանը, հիշեցնեմ, ղեկավարում էր այդ գործով քննչական խումբը: Այսօր, երբ շռնդալից ձախողվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու շինծու մեղադրանքով դատապարտելու փորձը, Նիկոլին կարող են պետք գալ նրանք, ովքեր ընդունակ են երկրորդ նախագահի դեմ մեղադրանք սարքել անջատված գործով, որտեղ, հիշեցնեմ, խոսքը խորհրդարանում իրականացված ահաբեկչության կազմակերպիչների մասին է։

Դա վերակենդանացնել է պահանջում ոչ միայն ԱԺ զոհված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին, այլև «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, որը ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո վստահեցրել է Փաշինյանին, թե նա պատրաստ է տալ ցանկացած ցուցմունք: Այդ մասին է վկայում նաև Նիկոլին Հունանյանի հասցեագրած նամակի բովանդակությունը։ Բացառված չէ, որ Փաշինյանին անհրաժեշտ լինի շտապ վերակենդանացնել հետաքննությունը, և այդժամ օգնության կգա Ջհանգիրյանը։ Ի դեպ, անջատված գործի քննությունը վերսկսելու Բախշյանի ջանքերին չաջակցեց ԱԺ նախագահ լուսահոգի Կարեն Դեմիրճյանի ընտանիքը, փոխարենը Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը դրսևորեց առավելագույն ակտիվություն՝ շատ լավ իմանալով, որ այդ հետաքննության նպատակը լինելու է ոչ թե ճշմարտության բացահայտումը, այլ քաղաքական շահարկումները՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր մեղադրանք սարքելու համար։

26 տարի անց Սահմանադրությունը չի գործում

Եթե XXI դարում իշխանությունը սպառնում է բռնաճնշումներով և հետապնդում քաղաքական ընդդիմախոսներին բոլոր մակարդակներում. համայնքների ղեկավարներից մինչև գեներալակազմ, ապա Ջհանգիրյանը, իհարկե, պահանջված կլինի։ Եթե Սահմանադրական դատարանում բազմած է Վահե Գրիգորյանը, որը երկար ժամանակ անտեսում էր իր ծառայողական պարտականությունները՝ ի նշան ՍԴ նախագահի դեմ բոյկոտի (այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Փաշինյանի համար անցանկալի Հրայր Թովմասյանը) և դրա համար այդպես էլ պատիժ չկրեց, ապա ինչո՞ւ պիտի Ջհանգիրյանն իրեն չզգա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ օրենքի բոլոր նորմերի խախտումով։

Գրիգորյանը քաղաքական բոյկոտի իրավունք չուներ, քանի որ, ըստ Սահմանադրության, ՍԴ դատավորները դուրս են քաղաքականությունից: Այս թեմային են նվիրված լրագրային հարյուրավոր հրապարակումներ, իսկ սայլը դեռ տեղում կանգնած է։ Փաշինյանը թքած ունի, որ Գրիգորյանն ամիսներ շարունակ աշխատավարձ է ստացել հարկատուների գրպանից՝ անտեսելով իր ծառայողական պարտականությունները. կապիտուլյանտի սիրելիների վրա օրենքը չի տարածվում։ Նիկոլը թքած ունի նաև այն բանի վրա, որ Ջհանգիրյանը փաստացի ուզուրպացրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները և արդեն ողջ թափով հրամաններ է տալիս դատավորներին։ Այսօր օրենքը կարող է ծալել ու գրպանը դնել կապիտուլյանտի ցանկացած դրածո. վերադարձել է ջհանգիրյանների ժամանակը։

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների համատարած կեղծումից հետո սկսվեցին զանգվածային բռնաճնշումներ և կադրային ջարդեր։ Դա նշանակում է, որ Ջհանգիրյանը կրկին թամբին է։ Հուլիսի 5-ին լրացավ ՀՀ Սահմանադրության 26 տարին, տեսանելի հեռանկարում երկու ընդդիմադիր դաշինքների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») և «Զարթոնք» կուսակցության դիմումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կդառնա հերթական ապացույցը, որ 26 տարի անց Սահմանադրությունը մեր երկրում չի գործում: Այն դադարեց գործել խորհրդարանական մեծամասնության, այն է՝ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով փոփոխություններ կատարելուց անմիջապես հետո՝ շրջանցելով ՍԴ-ի եզրակացությունը։ Վենետիկի հանձնաժողովն այդ գործողություններին հավանություն չտվեց

Եվ էլի մի բան. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանի բողոքը՝ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ: Դա նշանակում է, որ եթե դատախազությունը չբողոքարկի այդ որոշումը, ապա Վարդազարյանը կարող է վերականգնվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ Ավաղ, ինչ-որ բան հուշում է, որ Ջհանգիրյանն այդ պաշտոնը ուզուրպացրել է երկար ժամանակով՝ չունենալով Բարձրագույն դատական խորհրդի նույնիսկ շարքային անդամ լինելու օրինական իրավունք…

Բանն այն է, որ դատարանը հրապարակել է որոշման լոկ ամփոփիչ մասը, ամբողջական տեքստը դեռևս չի տրվել կողմերին։ Վարդազարյանն այդ հանգամանքը բացատրում է դատարանի ծանրաբեռնվածությամբ, թեև քաղաքական համատեքստն ակնհայտ է։ Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու որոշման դեմ Վարդազարյանի փաստաբանների բողոքին, ապա դրանով զբաղվում է Արմինե Մելիքսեթյանը, հենց այն դատավորը, որը տվել է դոկտոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան

Основная тема:
Теги: