Նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել

Այսուհետ Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. Տավուշի մարզպետարանը վստահեցնում է, որ նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։

Facebook–ում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում են եղել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքները:

«Նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է, և հեռու չէ այն ժամանակը, երբ լավ ջրամատակարարում կապահովվի»,–ասել է Ղալումյանը։

Մասնավորապես կիրականացվի ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում, տեղեկացնում է Sputnik Armenia։