ՀՅԴ. Մենք կշարունակենք պայքարը իշխանությունների հետ հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ

Խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը։ Դրա համար մենք կշարունակենք պայքարը՝ հետամուտ լնելով հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես գալով իբրև արմատական ընդդիմություն, գործադրելով քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Այս մասին ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունումն, որը հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդաց նրա ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հայտարարությունում նաև նշվում է. «Երկիրը պարտության հասցրած իշխանությունը, հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի դնելով վարչական, ֆինանսական լծակները, կեղծիքները, հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու բոլոր անթույլատրելի մեթոդները, կարողացավ վերարտադրվել, ինչը լրջագույն մարտահրավեր է մեր ազգային անվտանգության և պետականության համար։ ԱԺ արտահերթ ընտրություններում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը գործընկերների հետ ձևավորեց «Հայաստան» դաշինքը, իր բազմահազար նվիրյալ շարքերով վճռական մասնակցություն ունեցավ ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձավ այս իշխանությունների իրական և գլխավոր այլընտրանքը։ Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձազերծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը։ Վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը, տեղեկացնում է News.am։