Լեզվակռիվ եղավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև

Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում լեզվակռիվ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

Մասնավորապես, իր ելույթի ժամանակ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ դատարանը չի պահպանում ընթացակարգերը և դա անընդունելի է։ Իսկ երբ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նրան հիշեցրեց դատավորների վարքագծային նորմերի մասին, Պետրոսյանը հակադարձեց, թե դատավորներից մեկը մեկ տարուց ավելի չի կատարել իր պարտավորությունները, սակայն ոչ ոք նրան չի հիշեցրել նշված նորմերի մասին։ Այդ ժամանակ խոսք խնդրեց դատավոր Վահե Գրիգորյանը՝ Պետրոսյանի խոսքերը համարելով ակնարկ իր հասցեին։

«Հարգելի՛ նախագահ, թեկուզև դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ, ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից և կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը որ դուք լսում եք, ինչին որ դուք էստեղ ականատես եք, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ այլ վարք դրսևորող Սահմանադրական դատարանի, ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզ և դա դատավորի հասցեին է արված և ի վերջո անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը մեզ սպասում է այս գործով որոշմանը, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»,-ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Ի պատասխան Վահե Գրիգորյանին, Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին` ասելով, որ սպասում է նրա արձագանքին։

«Որպեսզի վկայակոչեք հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14 հոդվածի 7-րդ կետը` ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը և Սահմանադրական դատարանին(զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը)»:

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ կողմերին հորդորեց անհապաղ ավարտել այս բանավեճն ու անցնել գործի քննությանը, հակառակ պարագայում հանրությունը արդեն տևական ժամանակ դիտում է իրենց ներքին բանավեճը: