Հայտարարություն․ ՀՀԿ-ը չի համակերպվել այս իրավիճակի հետ, Արցախի հարցը լուծված չէ

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածելՀՀԿ Գործադիր Մարմինը:

«Նիստի ընթացքում առաջնահերթ կարգով քննարկվել է երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։ Կուսակցությունը վերահաստատել է վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։

Հայաստանի վերջին արտահերթ ընտրությունները չեն հանգուցալուծում առկա խորքային ճգնաժամը: Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի արհամարհել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի ավերիչ և անարդար հետևանքները դիտարկել որպես նոր իրողություն: Հանրապետականը չի համակերպվել այս իրավիճակի հետ, և վերստին հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա որպես տարածաշրջանային ինքիշխան դերակատար:

Կուսակցության համար որպես գործունեության գերակայություն շարունակելու են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին դիմակայելը և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների դեմ պայքարը, որոնց հասնելու համար օրակարգային թիվ մեկ հարցը կապիտուլյանտ վարչակազմի իշխանազրկումն է։

Քննարկվել են գալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության մասնակցության հեռանկարը, կուսակցության կառուցվածքային, կադրային և ծրագրային բարեփոխումների անհրաժեշտությունը:

Երկրի առկա քաղաքական զարգացումների համատեքստում դատապարտվել է ապօրինի ձերբակալումների, կրկին թափ ստացած քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների նոր ալիքը»,-ասված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am։