Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ
Այսօր` հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը մեկ զոհ ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը շեշտում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: