ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎՐԱ. ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՇՐՋԿՈՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ…

Բռնազավթված համայնքի ղեկավարի զենքն ու զինամթերքը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցվել է ավելի քան տասնյակ քրեական գործ, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, ինչպես նաև Քարահունջ և Որոտան վարչական շրջանների ղեկավարներ Լուսինե Ավետյանի և Սուրեն Օհանջանյանի կալանավորումը (գումարած աղմկահարույց շոուն՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությամբ և այնուհետ կալանավորմամբ) շատերը կապում են Սյունիքը գլխատելու Փաշինյանի փորձի հետ։

Բռնաճնշումների թիրախ են դարձել տեղական մակարդակի բոլոր ղեկավարները, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Զաքարյանն, օրինակ, վիրավորվել է, Առուշանյանն անցել է պատերազմի միջով սկզբից մինչև վերջ, իսկ այն փաստը, որ պատերազմի մասնակից Օհանջանյանի տանը և ծառայողական աշխատասենյակում զենք ու զինամթերք են գտել, պետք է համարել միանգամայն նորմալ։ Իրականում նորմալ չեն հենց այդ զենք ու զինամթերքի օրինականությունը պարզելուն ուղղված միջոցները: Ուրիշ ի՞նչ պետք է պահեր իր մոտ բռնազավթված համայնքի ղեկավարը. Շեքսպիրի երկերի ամբողջական հավաքածո՞ւն։

Ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ ադրբեջանցիների կողմից մասամբ բռնազավթված համայնքի գյուղապետը զենք ու զինամթերք է պահել իր մոտ։ Դա ինչ է, արտառոց երևո՞ւյթ։ Իսկ ինչո՞վ է պաշտպանելու իր համայնքը, եթե ադրբեջանցիները սկսեն սպանել դրա բնակիչներին։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին բռնազավթված Խոզնավար համայնքի բնակիչները ի լուր ողջ երկրի զենք խնդրում իշխանություններից ինքնապաշտպանության համար։ Նրանց դիմումից հաշված օրեր անց համայնքի տարածքով արդեն շրջում էր 30 զինված ադրբեջանցիներից բաղկացած ջոկատը… Եթե իշխանությունը չի օգնում բռնազավթված համայնքների բնակիչներին, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է պահեն իրենց մոտ այդ համայնքների ղեկավարները. Նիկոլի, Ալիևի և Էրդողանի դիմանկարնե՞րը՝ դիմահայաց ու կիսադեմով։

Մեղադրանք ներկայացնել գրավյալ համայնքի ղեկավարին այն բանի համար, որ նրա տանն ու աշխատավայրում զենք ու զինամթերք են գտել, կարող է միայն դավաճանը։ Ակնհայտ է, որ հալածանքների միջոցով Փաշինյանը ցանկանում է գլխատել Սյունիքը։ Այս օրերին իշխանական քարոզչամեքենան շինծու տարակուսանքով հարց էր տալիս. ինչո՞ւ է Օհանջանյանը զենք ու զինամթերք պահել տանը, օրինակա՞ն է արդյոք դա։ Մի խոսքով, կարգազանցություն է

Փաշինյանն ուզում է իրենով անել Զանգեզուրի կոմբինատը

Փաշինյանի հարձակումը Սյունիքի վրա չսահմանափակվեց համայնքապետերի բռնաճնշումներով ու կալանավորմամբ, կապիտուլյանտը ցանկանում է իրենով անել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Կոմբինատի ճակատագիրը մտահոգում է քաղաքականացված հանրությանը՝ գործող քաղաքականության բեմահարթակում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտնվելու պահից ի վեր: Այդ կուսակցությունն անցել է խորհրդարան՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում։

Ինքը՝ Հակոբյանը, դեռ նախքան հունիսի 20-ի ընտրություններն ասում էր, որ իշխանությունն իր ծրագրերն ունի կոմբինատի վերաբերյալ։ Այդ մասին լուրեր սկսեցին շրջել 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո, իսկ ընտրությունների նախապատրաստման շրջանում այդ լուրերը կոնկրետ ծրագրի ձև ստացան։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մուրճը ձեռքին մեղադրեց կոմբինատի ղեկավարներին, որ նրանք աջակցում են ընդդիմությանը։ Իշխանությունն ապացույցներ չունի, թե ձեռնարկության ղեկավարներն իբր պարտադրել են իրենց աշխատակիցներին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, սակայն ընտրություններից հետո խուզարկություններ սկսվեցին կոմբինատի տարածքում, որոնց արդյունքում երկու աշխատակից բերման ենթարկվեց:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը թիվ 1 հարկատուն է, Սյունիքի նախկին մարզպետը տնօրենների խորհրդի անդամ է, իսկ խորհրդի նախագահը գերմանացի Պարագ Յոհաննես Բհատն է, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում: 2018 - ից Նիկոլը պարբերաբար էմիսարներ է ուղարկել կոմբինատ, ընտրություններից անմիջապես հետո մամուլում լուրեր հայտնվեցին, որ ձեռնարկության վրա աչք ունեն Նիկոլի աներձագ (կնոջ եղբայր) Հրաչյա Հակոբյանը և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Այսպես թե այնպես, ցանկացած ցնցում բացասաբար կազդի կոմբինատի գործունեության վրա և պետության բյուջեն կզրկվի մեծ եկամուտներից։ Նախօրեին Վահե Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունը ավելի քան 12 օր շարունակ միտումնավոր խոչընդոտում է խտանյութի արտահանմանը, ինչի արդյունքում բյուջեն զրկվել է 20 մլն դոլարից։

Ասենք, Փաշինյանը թքած ունի այդ եկամուտների վրա. Հայաստանի չափանիշներով հզոր ձեռնարկության մեջ նա քաղաքական սպառնալիք է տեսնում, ուստի քարոզչության թեժ պահին սպառնաց կոմբինատին, ասելով, թե այն «հատել է բոլոր կարմիր գծերը»։ Ի՞նչ պետք է հասկանալ դրա տակ։ Միայն այն, որ կոմբինատը չի աջակցել կապիտուլյանտի կուսակցությանը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում և հիմա եկել է հատուցման պահը։

Վահե Հակոբյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Հակոբյանը հաստատեց, որ իշխանությունը գրոհ է սկսել կոմբինատի դեմ, սակայն չկարողացավ պարզաբանել, թե հատկապես ինչ են փնտրել ձեռնարկության տարածքում: Երբ խուզարկությունները դադարեցվել են, գործի դրվել հարկային ստուգումները։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրում են կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Բուն Քաջարանում վստահ են, որ նրա կալանավորումը կապված է կոմբինատը ճանկելու իշխանության փորձերի հետ։ Խուզարկությունների և ստուգումների փաստերով ձեռնարկության ղեկավարությունը խորհրդի նիստ է հրավիրել։ Ճնշում գործադրելով կոմբինատի ղեկավարության վրա, բռնաճնշումներ իրականացնելով Սյունիքի համայնքներում, իշխանությունը իր լրատվամիջոցների և ֆեյքերի միջոցով կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հավակնում են ռուսները։ Հակոբյանն այդ լուրերն անվանեց անհեթեթություն, սակայն հաստատեց, որ իշխանությունը փորձում է խլել կոմբինատը ներկայիս տերերից և փոխանցել այլոց։ Նման գործողության օրինական մեխանիզմներ գոյություն չունեն, բայց Փաշինյանի համար օրենք շրջանցելը նույնքան հեշտ է, որքան հետույքը քորելն ի տես ամենքի։

Խոշոր բիզնեսի նկատմամբ այսպիսի ոտնձգություն Երրորդ Հանրապետության պատմությանը հայտնի չէ։ Դժվար չէ ենթադրել, որ կոմբինատը զավթելու Նիկոլի ջանքերի մասին խոսվել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Վահե Հակոբյանի հանդիպման ժամանակ։ Հանդիպման մանրամասների մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդը լռեց, սակայն դեսպան Թրեյսիի հետ հանդիպման առանձին մանրամասներ մեզ հայտնի են դարձել այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից։ Մասնավորապես, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը դեսպանի հետ խոսել են ժողովրդավարության վրա իշխանությունների հարձակման մասին, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ Թրեյսին նրանց փաստարկները հիմնավորված չի համարել։

ԶԼՄ-ներում նույնիսկ տեղեկություններ արտահոսեցին այն մասին, որ երբ ՀՅԴ անդամները խոսել են հետընթացի մասին, դեսպանը հստակեցրել է նրանց խոսքերը՝ հղում կատարելով «առաջընթաց» բառին։ Նույն կերպ է դեսպանն, ամենայն հավանականությամբ, արձագանքել նաև ներկայիս սեփականատերերի ձեռքից ձեռնարկությունը խլելու Փաշինյանի փորձերի մասին իրեն ներկայացված տեղեկություններին…

ԱՄՆ դեսպանությունն ու եվրոպական երկրների դիվանագիտական առաքելությունները պատշաճ կերպով չարձագանքեցին քարոզչության, ընտրությունների և ձայների հաշվարկի ընթացքում կատարված համատարած խախտումներին: Նրանք լռում են նաև այսօր՝ հետևելով Սյունիքի տեղական մակարդակի ղեկավարների դեմ տոտալ բռնաճնշումներին, լռում են՝ տեսնելով ընդդիմության կողմնակիցների զանգվածային պաշտոնանկությունները։ Դժվար թե այդ հանրությանը մտահոգի առանձին վերցրած կոմբինատի ճակատագիրը։ Այդ մեզ համար է խոսքը վերաբերում արդյունաբերական հսկայի, թիվ 1 հարկատուին, որը երկար տարիներ սոցիալական խոշոր ծրագրեր է իրականացնում մարզում, իսկ վաշինգտոնյան ու բրյուսելյան շրջկոմների համար դա մասնավոր դեպք է, այդ շրջկոմները կանխամտածված չեն արձագանքում զանգվածային քաղաքական բռնաճնշումներին։

Կապիտուլյանտը բռնաճնշումներ է իրականացնում բոլոր ճակատներով. Սյունիքի մարզի համայնքների բնակիչները տեսախցիկների առջև իրար հերթ չտալով պատմում են, թե ինչպես են իրենց ստիպում ցուցմունք տալ տեղական մակարդակի ղեկավարների դեմ։ Կապիտուլյանտը փորձում է գլխատել Սյունիքը հենց սյունեցիների ձեռքով։ Նման բան Հայաստանում չի եղել երբեք։