Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 38 աշխատակցի ազատել են աշխատանքից
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատի հրամանով աշխատանքից ազատվել են 38 անձ. գրում է Aravot.am-ը։
Ազատվողների ցանկում են արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել է նաև ընկերության խորհրդի նախագահի խորհրդական Գառնիկ Ղազարյանը (հայտնի է որպես «Աժդանակ»–ի Գարիկ), որ, ըստ պարբերականի, երեկ մեկ ամսով կալանավորվել է։
«Աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ–ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են։ Կարելի է ասել, աշխատանքից ազատվողները նրանք են, որոնք մյուս աշխատակիցներին ճնշել են ընտրության հարցում, նրանք, ովքեր վարչապետի ճամփան էին փակել»,–ասել է Aravot.am-ի աղբյուրը։
Կայքը փորձել է աշխատանքից ազատվածներից պարզել, թե ինչ պատճառով են ազատվել աշխատանքից, սակայն նրանք զերծ են մնացել մեկնաբանություններից, իսկ ոմանք էլ ասել են, որ դիմելու են դատարան։