Ադրբեջանական զինծառայողները կրակում են բնակավայրերի վրա. Արման Թաթոյան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական ԶՈւ–ն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ:
«Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Թաթոյանը նշում է, որ վերջին օրերին պարբերաբար բնակիչներից ստանում է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
Թաթոյանն այս հրատապ հաղորդագրությունը կուղարկի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:
Sputnik Արմենիա