Քաղաքագետ. ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ Է ՁԳՏՈՒՄ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՆՐԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Այն, ինչ կատարվում է այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կոչվում է ցածր ինտենսիվության հակամարտություն: Այն գոյություն ուներ միշտ՝ սկսած 2000-ականների սկզբից կամ կեսերից եւ այդպես՝ մինչեւ անցյալ տարի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Այս մասին հուլիսի 28-ին կայացած առցանց քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ընդ որում, փորձագետը նշեց, որ այն ժամանակ սահմաններն այլ էին: «Բայց նույնիսկ այդ ժամանակ պարբերաբար կրակոցներ էին լինում, լինում էին տարբեր տեսակի սրացումներ, ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ զինվորականների տեղաշարժեր՝ որոշ տարածքների, հենակետերի, ճանապարհների գրավմամբ եւ այլն»,- ասաց Իսկանդարյանը:

Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, տեղի ունեցածը պատահական չէր, քանի որ Ադրբեջանն ունի ռազմավարություն եւ կոնկրետ նպատակ: Այդպես, Բաքվում, ըստ Իսկանդարյանի, ուզում են, որպեսզի Հայաստանի հարավով երկաթգիծ անցնի, որի վրա գնացքները կանգ չեն առնի: Այդ երկաթուղին կհասնի նաեւ Թուրքիա: Նրանք նաեւ ցանկանում են, որպեսզի այդ ճանապարհը պահեն ոչ հայերն ու հայ ուժայինները:

Երկրորդ. Ադրբեջանը փորձում է հասնել համաձայնագրի ստորագրմանը, որն այս երկրի իշխանությունները կկարողանան իրենց հանրությանը ներկայացնել որպես Ադրբեջանի սահմանների որոշակի ճանաչում եւ Ղարաբաղի փաստացի ներառում Ադրբեջանի կազմում՝ Հայաստանի կողմից այդ փաստի ճանաչմամբ»,- պարզաբանեց փորձագետը: Այսինքն, նրա խոսքով, Բաքուն ցանկանում է նման համաձայնագիր ստանալ, որը թույլ կտա նրանց հայտարարել ղարաբաղյան պատերազմի վերջնական ավարտի մասին:

News.am