Վերին Շորժան գտնվում է ադրբեջանական ԶՈւ նշանառության տակ. Թաթոյանի այցի արդյունքները

Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքներն ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ, տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերն անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ` միայն այս հատվածում ամենանվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող:

Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ: Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր: Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են», - նշված է գրառման մեջ։

Բնակիչները պատմել են Թաթոյանին, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են:

Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ

ՄԻՊ-ի այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:

Sputnik Արմենիա