Հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին. Թաթոյան
ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, նշելով, որ անձամբ է համոզվել դրանում։
«Այսօր (նոյեմբերի 29–ին, խմբ.), երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք»,–գրել է Թաթոյանը:
Նա նշել է` Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրել են, որ նոյեմբերի 28–ին և 29–ին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել:
Նշենք, որ Թաթոյանը Գեղարքունիքի մարզ էր մեկնել փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով։
Sputnik Արմենիա