ՇՈՒՇԻՆ՝ ՇՈՒՇԱ, ՍԵՎԱՆՆ ԷԼ՝ ԳՅՈՅՉԱ ԴԱՐՁՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մեր հանրության հավաքական զգոնության բթացման մակարդակը պարզելու համար բավական ուշագրավ մտավարժանք կարելի է անել՝ հիշել, թե ինչպես հետպատերազմյան ինն ամիսների ընթացքում այս իշխանությունը մեզ համար ավանդաբար անընդունելի գաղափարները և պատկերացումներն աստիճանաբար նետեց դաշտ, ապա սկսեց դրանք հիմնավորել, արդարացնել, ի վերջո՝ կյանքի կոչել։

Օրինակ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ լուրջ ներքաղաքական սկանդալ կհասունանար, եթե նախկինում որևէ քաղաքական գործիչ Շուշին անվաներ ադրբեջանական անվանմամբ՝ Շուշա։ Պարզվում է՝ իշխանական պատգամավորներին, այդ թվում՝ խորհրդարանի նորաթուխ փոխխոսնակին, դա ներելի է, չկա ո՛չ հանրային դատապարտում, ո՛չ էլ ներողություն խնդրելու փորձ։

Եթե դա լիներ անուշադրության կամ անփութության հետևանք, միգուցե կարելի էր ընդունել և անցնել առաջ, բայց մի քանի երեսփոխաններ առանձնահատուկ համառությամբ էին հենց այդ և մի շարք այլ թյուրքական տեղանունների լոբբինգով զբաղված։ Հավանաբար նրանց շատ ավելի հաճելի և հարազատ են մեր տեղանունների ադրբեջանական անվանումները, Շուշիին էլ մշտապես Շուշա են ասել։

Թերևս հենց այդ արժանիքների համար վերընտրված պատգամավորներից մեկը՝ Անուշ Բեղլոյանը, ամիսներ առաջ աղմկահարույց և ադրբեջանամետ հայտարարություններ էր անում միջազգային առցանց մի հարթակում։ Նման հակապետական պնդումներ անելուց հետո այդ անձով պետք է զբաղվեին ազգային անվտանգության մարմինները, բայց փոխարենը՝ այդ կինը և իրեն գաղափարակից այլ կանայք, օրինակ՝ Մարիա Կարապետյանը, անխոչընդոտ հայտնվեցին նաև այս խորհրդարանում։

Նույն այդ կինը՝ Անուշ Բեղլոյանը, պնդում էր, թե վերջին երեսուն տարում մենք բանակ չենք ունեցել, այդ իրենց իշխանությունն է զրոյից բանակ ստեղծել։ Հանուն արդարության՝ պետք է ընդունել, որ այս մի հարցում կարկառուն ՔՊ-ականի և Իլհամ Ալիևի հայացքները զարմանալիորեն չեն համընկնում, քանի որ վերջինս ամոթալի է համարում Փաշինյանին հաղթելը և պնդում է, թե իրականում հաղթել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղծած բանակին։

Ի՞նչ մի խնդիր է, եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե իրենք նոր են ձևավորում արտաքին քաղաքականություն և ոչ թե փոփոխում են այն, ինչո՞ւ չպետք է բանակն էլ իրենք ստեղծեն։ Պատերազմում մեր անփառունակ պարտությունից հետո անգամ խորհրդարանում Փաշինյանը վերահաստատում էր, որ արցախյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ձեռնտու լինի և բավարարի նաև ադրբեջանցի ժողովրդին, այն դեպքում, երբ գործող իրավիճակը դեռևս միայն ադրբեջանցի ժողովրդին է բավարարում։

Հայաստանյան հանրությունն առանձնապես խնդիր չի տեսնում, որ հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը կարող է շաբաթներ շարունակ Հայաստանում չլինել, զբաղվել նախևառաջ իր ներդրումային ծրագրերի հեռանկարի, ապա նոր միայն՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների հարցով։ Արմեն Սարգսյանը հետպատերազմյան Ամանորն իր ընտանիքով նշեց արտերկրում, այն ընտանիքով, որի անդամները երբևէ չեն ապրել Հայաստանում և չեն ապրելու Հայաստանում։ Հետաքրքրական է՝ Հայաստանի նախկին երեք նախագահներից ո՞ր մեկին կթույլատրվեր այդ շռայլությունը։

Վարչապետի տիկինն ու երեխաներն այսօր արժանանում են այնպիսի ուշադրության, նրանց համար անվտանգության այնպիսի միջոցներ են ձեռնարկվում, որպիսիք Հայաստանի որևէ նախկին առաջնորդի ընտանիք չի ունեցել։ Կարևորը՝ Աննա Հակոբյանն արձակուրդային լուսանկարներ հրապարակելու ընթացքում չմոռանա նաև մի արարողակարգային լուսանկար տեղադրել Եռաբլուրից։

Հետպատերազմյան Հին նոր տարին ինքնահռչակ առաջին տիկինը դուստրերի հետ նշում էր Մոսկվայի շքեղագույն ռեստորաններում, իր ծննդյան օրը՝ Միացյալ Նահանգներում։ Իսկ երբ Հայաստանում է, որպես կանոն այցելում է մեկ-երկու զոհված զինծառայողի ընտանիքի և սգակրի դեմքով, բայց բավական շքեղ հագուստներով լուսանկարվում է և տարածում դրանք։ Թերևս սա է զոհերի հիշատակը հարգելու՝ իշխանության ձեռագիրը։