ՀՈԽՈՐՏԱԼԸ ՀԵՇՏ Է, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼԸ՝ ԴԺՎԱՐ

Նորագույն համաշխարհային պատմությանը քաջածանոթ ցանկացած մեկը կմտաբերի որևէ պետության ղեկավարի հրաժարականի առնվազն մեկ օրինակ։ Խոսքն անգամ եվրոպական ժողովրդավար պետությունների մասին չէ, ասենք, օրինակ, Գերմանիայի, որի նախկին նախագահներից Հորստ Քյոլերը հրաժարական տվեց տնտեսական թեմայով իր մի վիճահարույց արտահայտության, իսկ նրան հաջորդած Քրիստիան Վուլֆը՝ մի բանկային ավանդի հետ կապված սկանդալի պատճառով։

Զարգացման մակարդակով և ժողովրդավարության ցուցանիշներով մեզ հետ համեմատելի երկրներում ևս պետության առաջնորդի ինքնակամ հրաժարականի տասնյակ դեպքեր են եղել։ Անցած տարի, օրինակ, մի քանի հեղափոխություն տեսած Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը խորհրդարանական ընտրություններից հետո ծայր առած բողոքի ցույցերի արդյունքում կամովին թողեց պաշտոնը, իսկ Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին՝ Սերբիայից անկախացման առաջամարտիկներից մեկը, հրաժարական տվեց, երբ Հաագայի դատարանում պետք է լսվեր իր գործը։

Ինչպես տեսնում եք, Հայաստանի հետպատերազմյան իրողությունների հետ համեմատությամբ՝ բոլոր այս դեպքերում հրաժարականի պատճառները բնավ նշանակալից չեն։

Լրանում է պատերազմի ավարտի և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման իններորդ ամիսը։ Այս ամիսների ընթացքում Հայաստանի և Արցախի իշխանությունները ոչ միայն չխոսեցին կամովին հրաժարականի հնարավորության մասին և ամեն կերպ երկարաձգեցին իրենց պաշտոնավարումը՝ ի վերջո կազմակերպելով սեփական վերարտադրությունը, այլև նույնիսկ ներողություն չխնդրեցին ՀՀ հպարտ քաղաքացիներից և համայն հայ ժողովրդից՝ մեզ պատմական աններելի հարված հասցնելու համար։

Խոսքը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մասը դարձած քարոզչական ներողությունների, զոհերի մայրերի առաջ ցուցադրաբար խոնարհվելու կամ նրանց ձեռքը համբուրելու մասին չէ, հատկապես որ, ինչպես հետո պարզվեց, մի շարք նման դրվագներ պարզապես բեմականացված էին։ Խոսքը նախևառաջ հետպատերազմյան առաջին օրերին և շաբաթներին նախ նկուղներից, ապա և վարչապետի աշխատասենյակից մի քանի սոցցանցային ուղիղ եթերների մասին է, որոնցում Փաշինյանը ոչ միայն ներողություն չէր հայցում, այլև հոխորտում էր՝ իր կողմնակիցներին կոչ անելով պատրաստվել քաղաքացիական վրեժի։

Որոշ ժամանակ անց մթնոլորտը թեև որոշակիորեն պարպվեց, սակայն ո՛չ Հայաստանի վարչապետը, ո՛չ էլ Արցախի նախագահն իրենց մեղքի բաժինը չընդունեցին և ներողություն չխնդրեցին հայ ժողովրդից, փոխարենը իրար հերթ չտալով մեղադրեցին ում ասես՝ նախկիններին, Ռուսաստանին, կամավորներին, ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներին, Վանեցյանին, Ծառուկյանին, հազար ու մի այլ ուժերի, պիտակավորեցին և վիրավորեցին իրենց հրաժարականը պահանջող անձանց, ինստիտուտներին և քաղաքական ուժերին։

Երբ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականի փետրվարի 3-ին հրաժարական տվեց, նրա հրաժարականի խոսքն ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ՝ «Չարածներիս և սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը»։ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի օրոք ազատագրվեց Արցախը, կերտվեցին պատմական հաղթանակները, ազգային իղձերը հաղթեցին սոցիալ-տնտեսական դժվարություններին, այդպես էլ չներվեց հետագայում պարտվողական հռչակված իր մոտեցումը՝ արցախյան կարգավորման փուլային տարբերակը, և նա հեռացավ։

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանին և Էդվարդ Նալբանդյանին չէին ներում, երբ նրանք ակնարկում էին փոխզիջումային կարգավորման սկզբունքների մասին։ Նիկոլ Փաշինյանին շարունակում է ներվել Արցախի հանձնումը և հազարավոր հայորդիների զոհաբերումը։

Ավելի քան մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանն Ավետիք Իսահակյանին ուղղված նամակում թերևս այսօրվա մասին էր գրում. «Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ»։