Եզդիները մտադիր են միջազգային դատարան հայց ներկայացնել «Իսլամական պետության» դեմ
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու իր ժողովրդի մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` եզդիները ցանկանում են հասնել նրան, որ նույնականացվեն և պատժվեն Իրաքում ցեղասպանություն գործած անձինք։ Բացի այդ, նրանք մտադիր են վերականգնել սեփական իրավունքները, որոնք ոտնահարվում են սկսած 2014 թվականից։
«Միջազգային հանրությունը պետք է գործողություններ ձեռնարկի, որոնք իրականում կկանխեն ցեղասպանությունները, այլ ոչ թե հերթական փաստաթուղթ կդառնան։ Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, նոր ցեղասպանություններ չէին լինի», – նշեց Հաջոյանը։
Միության ղեկավարը հավելեց, որ ներկա պահին իրավաբանները զբաղվում են ապացույցներ հավաքելով, որոնք շուտով կներկայացվեն միջազգային դատարաններ։
«Բացի այդ, մենք աշխատանքներ կտանենք բոլոր այն երկրների և կազմակերպությունների հետ, որոնք չեն ճանաչել մեր ցեղասպանությունը և կպայքարենք, որպեսզի այն ճանաչվի, և մեզ աջակցեն բոլոր առնչություն ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում»,– ասաց Հաջոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։