ԾԱՆՐ Է ԻՇԽԱՆԱԼԵԶ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԲԵՌԸ

Նաիրի Զարյանը մի հրաշալի բանաստեղծություն ունի, որը կոչվում է «Երկու հանճարեղ գլուխ»։ Դրանում նկարագրվում է, թե ինչպես է գերմանացի աշխարհահռչակ բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն գլուխ խոնարհում Գերմանիայի արքայի առջև՝ փորձելով հաճոյանալ նրան, իսկ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը նախատում է բանաստեղծին դրա համար։ Գյոթեն արքունիքի հովանավորությունը վայելող և պետական պարգևներից առատորեն օգտվող, իսկ Բեթհովենը՝ սկզբունքային և արժանապատիվ արվեստագետի կերպարն է:

Այս բանաստեղծությունը շատ տիպական է նաև մերօրյա Հայաստանի մտավորականության պատկերի առումով։ Նորություն չէ, իհարկե, որ մշտապես էլ եղել են մի կողմից հաճոյակատար և իշխանասեր, մյուս կողմից՝ սեփական անձի և արվեստի արժանիքները որևէ իշխանությունից բարձր դասող և ճշմարտախոս արվեստագետներ։ Բայց պետք է ընդունել, որ 2020-ի համազգային աղետը մի իսկական փորձաքար դարձավ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում կհայտնեն իրենց ոլորտներում նշանակալի հաջողության հասած և հանրահայտ շատ արվեստագետներ։

Մասնավորապես, մեր տուն պարտություն բերած իշխանության նկատմամբ մտավորականների կեցվածքը շատ բնորոշ էր՝ մի մասը լռեց և համակերպվեց, մյուս մասն ավելի հեռուն գնաց և փորձեց արդարացնել այս պատերազմում մեր պարտությունը, պնդել, թե մենք կարողացանք նվազագույն կորուստներով դուրս գալ պատերազմից, թե հաղթելու տարբերակ չունեինք, և այլն։ Ի դեպ, պարտությունն արդարացնող կամ դրա վրա աչք փակող արվեստագետների շարքում քիչ չէին այնպիսիք, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում մարտակոչերով էին հանդես գալիս՝ «Հաղթելու ենք», «Հաղթում ենք», և այլն։

Ուշագրավ է, որ այդ անձանցից շատերը՝ դերասաններ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, արվեստի այլ մշակներ, մեծ պատրաստակամությամբ քծնում էին նաև նախկին իշխանություններին նրանց պաշտոնավարման տարիներին, լայն ժպիտներով նրանցից մեդալներ և կոչումներ էին ստանում։

Պարզ է, որ մարդկանց, այն էլ՝ հախուռն բնույթով արվեստագետների քաղաքական դիրքորոշումները կարող են շատ տարբեր լինել, դա բնական է, բայց ո՞վ կարող է պնդել, որ հայրենիքի համար իրապես ցավող մտավորականը կարող է համակերպվել իր հայրենազրկման, Արցախի կորստի, հազարավոր հայորդիների նահատակման հետ, փորձել դա արդարացնել, ավելին՝ դեռ մի բան էլ հրապարակային հարթակներից դրանում համոզել մյուսներին։

Հանրության լայն շերտերը՝ տաքսիստները, վարսավիրները, խանութպանները և այլք, հաճախ կենցաղային մակարդակի դատողություններ են անում՝ հիմնվելով չստուգված լուրերի կամ սեփական նախապաշարումների ու միֆերի վրա։ Իրապես, հանրության բոլոր անդամները չեն կարող խորությամբ ընկալել այս ազգային աղետի պատճառներն ու հետևանքները։ Իսկ մտավորական էլիտա՞ն։ Նրանք չե՞ն տեսնում, թե՞ տեսնելով՝ չե՞ն հասկանում տեղի ունեցածի ամբողջ լրջությունը։ Եթե այդպես է, քանի՞ գրոշի արժեք ունի նրանց արվեստը։

2018-ի իշխանափոխության օրերին գտնվեցին արվեստագետներ, որոնք ոչ միայն ելույթ ունեցան Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակում, այլև վերադարձրին իրենց կոչումներն ու շքանշանները՝ համերաշխություն հայտնելով փողոցի ինքնահռչակ կառավարությանը։ Որքան էլ ցավալի է, պարտությունն ու հայրենազրկումը այդ և մի շարք այլ մտավորականների համար ոչ միայն սեփական սխալներն ընդունելու, այլև իշխանության մասին ճշմարտությունն ասելու պահը չդարձավ։

Թեև մյուս կողմից էլ՝ մտավորական բառն այսօր հեգնական երանգ է ձեռք բերել, և հաշվի առնելով, թե ովքեր են որպես այդպիսիք ներկայանում՝ պարզ է, թե ինչու։ 1997-ին նախագահականում Մովսես Խորենացու առաջին մեդալներին էին արժանանում Գոհար Գասպարյանը, Հակոբ Հակոբյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Տիգրան Լևոնյանը, Օհան Դուրյանը։ Իսկ ովքե՞ր են այսօր մեր մտավորական էլիտայի դեմքերը։