Արմավիրում խմելու ջրի թունավորումից հիվանդանոց է դիմել 26 մարդ

Նախնական վարկածով խմելու ջրի թունավորումից «Արմավիր» բժշկական կենտրոն դիմած բնակիչների թիվը 26–ն է, նրանցից 10–ը հոսպիտալացվել է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիր» ԲԿ–ի բժիշկ–համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։

«Բոլոր դիմողներն էլ եղել են Արմավիրի մարզի Խանջյան համայնքից։ Հոսպիտալացված 10 բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացած հիվանդները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել»,– ասաց բժիշկ–համաճարակաբանը՝ հավելելով, որ բնակիչները բժշկական կենտրոն են դիմել օգոստոսի 11–ին և 12–ին։ Այսօրվա դրությամբ, դիմողներ չեն եղել։

Հիվանդների մեջ եղել է մեկ անչափահաս երեխա, նա հոսպիտալացվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ: